Աշխարհ

10.05.2023 09:41


Պակիստանում անկարգություններ են սկսվել նախկին վարչապետի ձերբակալությունից հետո (տեսանյութ)

Պակիստանում անկարգություններ են սկսվել նախկին վարչապետի ձերբակալությունից հետո (տեսանյութ)

Պակիստանում զանգվածային անկարգություններ են սկսվել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, հաղորդում է RT-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը կալանավորվել է Իսլամաբադի գերագույն դատարանի «Ալ Քադիր Թրասթ»-ի գործով դատական նիստից հետո: Խանի դեմ առաջադրված գլխավոր մեղադրանքը ահաբեկչությունն է։

Նշվում է, որ կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության մասին լուրից հետո ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց:

Ցուցարարներն արդեն հրկիզել են «Ռադիո Պակիստանի» գրասենյակը և Միանվալիում գտնվող ռազմաօդային ուժերի ավիաբազան: Բացի այդ, հարձակման է ենթարկվել միջգերատեսչական հետախուզության շենքը, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։ Տուժածների մասին հստակ տվյալներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ընտրական հանձնաժողովը Խանին զրկել էր խորհրդարանական մանդատից` նրան մեղավոր ճանաչելով Թոշախանում (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 արժեքների վաճառքի համար: Նրան մեղադրել են նաև անձամբ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։

Նախկին վարչապետին ձերբակալելու նախորդ փորձը հաջողությամբ չէր պսակվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը