Լրահոս

10.05.2023 21:50


Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք:

2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի մոտ դիակ է հայտնաբերվել։

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ հայտնաբերել է 54-ամյա տղամարդու դին՝ բերանքսիվայր ընկած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիակի զննությամբ՝ դիակի տարբեր մասերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ և քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը մահացել է ոչ թե ջրափոսն ընկնելու, այլ սպանության հետևանքով։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունը, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1977թթ.: Վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, 54-ամյա տղամարդը այցելել է 45-ամյա համաքաղաքացու՝ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում գտնվող տուն, որտեղ վերջինիս և Գյումրու ևս մեկ՝ 46-ամյա բնակչի հետ ալկոհոլ են օգտագործել: Վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 45-ամյա տղամարդը մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, որին միջամտել է 46-ամյա տղամարդը՝ թույլ չտալով շարունակել գործողությունները։ Քիչ անց վիճաբանությունը նորից շարունակվել է, որի ընթացքում 45-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, գցել հատակին, ապա մարմնի տարբեր հատվածներին ոտքով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար զրկել է նրան կյանքից:

Դրանից հետո 45 և 46-ամյա տղամարդիկ, 54-ամյա տղամարդուն թողնելով հիշյալ տանը, դուռը փակելով՝ հեռացել են։ Վերադառնալուց հետո՝ մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նրանք դին տեղափոխել և նետել են Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու 45-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ 46-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը