Տնտեսական

29.05.2023 09:13


Հեռանկարները հուսադրող չեն

Հեռանկարները հուսադրող չեն

Տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կրել արտաքին միջավայրի ազդեցությունը, որի արդյունքում բարձր աճեր են արձանագրվում։ Սակայն, ի հեճուկս իշխանությունների ոգևորության, մասնագիտացված կառույցները կարծում են, որ առաջիկայում տնտեսական աճը կսկսի դանդաղել՝ կրելով նախորդ տարվա բազային էֆեկտի ազդեցությունը։

Տարեսկզբին այդ ազդեցությունը դեռևս նկատելի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա բարձր տնտեսական աճերին նպաստած գործոնները նախորդ տարվա սկզբին դեռևս չկային։ Դրանք ավելի ուշ ի հայտ եկան՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։ Այդ գործոնները բերեցին նրան, որ Հայաստանի տնտեսությունը, մի շարք ուղղություններով, աճի լուրջ խթաններ ստացավ։

Բայց նախորդ տարվա բարձր բազայի վրա այդ խթաններն աստիճանաբար թուլանալու են՝ հանգեցնելով նաև տնտեսական աճի տեմպի նվազմանը։

Դա է պատճառը, որ չնայած տարեսկզբին տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է երկնիշ լինել, մասնագիտացված կառույցները շատ ավելի համեստ կանխատեսումներ ունեն տարեկան տնտեսական աճի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում գրանցվել է 12,2 տոկոս տնտեսական ակտիվություն։

Սա դեռ տնտեսական աճը չէ, բայց այն սովորաբար մոտ է լինում դրան։

Առաջին եռամսյակի երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այս տարի Հայաստանում 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այսինքն՝ առնվազն կրկնակի քիչ, քան առաջին եռամսյակի արդյունքը։ Անհամեմատ ավելի քիչ, քան նախորդ տարվա աճի ցուցանիշն էր։

Նախորդ տարի, ինչպես հայտնի է, Հայաստանում արձանագրվեց 12,6 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ռուսական ձեռնարկությունների տեղափոխմամբ, Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների միջև առևտրի հոսքերի վերակողմնորոշման ազդեցությամբ, ինչպես նաև՝ ֆինանսական մեծ ներհոսքերով։

Այս տարի կառավարությունը նախատեսել է առնվազն 7 տոկոսանոց աճ։ Տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը 12,2 տոկոս է, բայց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների գնահատումներով՝ առաջիկայում այդ տեմպն անհնարին կլինի պահպանել։ Արդեն իսկ նկատելի են ակտիվության դանդաղեցման նշաններ։ Միտումը գնալով կխորանա։ Ուստի նրանք այնքան էլ չեն հավատում կառավարության կանխատեսած 7 տոկոս աճին։

Ավելին, կարծում են, որ անգամ ակնկալվող 5 տոկոսանոց աճը կարող է ավելի ցածր լինել՝ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով։

Ու չնայած այն բանին, որ ՎԶԵԲ-ը, նախորդ կանխատեսման համեմատ, 1 տոկոսային կետով բարելավել է Հայաստանի տնտեսության աճի իր գնահատականը, այնուհանդերձ այն շարունակում է էապես ավելի ցածր լինել, քան տարեսկզբի ակտիվության արձանագրված ցուցանիշները։

Այս պահին տնտեսական աճի առումով նախորդ տարվանից և այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության մակարդակից առնվազն կրկնակի ցածր ակնկալիք ունի նաև Հայաստանի Կենտրոնական բանկը։ Ավելի ցածր, քան սպասում է կառավարությունը։

Իհարկե, ԿԲ-ն մի փոքր ավելի լավատես է, քան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Կենտրոնական բանկի տնտեսական աճի կանխատեսումը 5,8 տոկոս է։ Նախկինում ավելի ցածր էր՝ 4,6 տոկոս։ Վերջին գնահատումներով, այն բարձրացվել է՝ հիմնականում ծառայությունների ու շինարարության հաշվին, չնայած շինարարության պարագայում սպասումներն այնքան էլ արդարացված չեն։

Կենտրոնական բանկում հույս ունեն, որ ծառայություններն այս տարի էլ բարձր տեմպերով կաճեն։

Կաճեն, մասնավորապես, ՏՏ և տրանսպորտային փոխադրումների ոլորտի ծառայությունները։

Հայտնի է, որ ինչպես մեկը, այնպես էլ՝ մյուսը կապված են առավելապես արտաքին գործոնների հետ։

ՏՏ-ում վերջին մեկ տարում զգալիորեն ավելացել է դրսից տեղափոխվածների մասնակցությունը։ Բայց այն աստիճանաբար թուլանում է՝ ոլորտից արտահոսքի նկատվող ակտիվացման հետևանքով։

Տրանսպորտային ծառայությունների աճի հետ կապված՝ Կենտրոնական բանկի դրական ակնկալիքները, ըստ ամենայնի, պայմանավորված են առևտրային այն հոսքերի սպասարկմամբ, որոնք առաջացել են ռուսական շուկայի մատակարարումների ավելացման արդյունքում։

Ծառայությունների ակնկալվող բարձր աճի գործում կարևորվել է նաև միջազգային այցելությունների կամ զբոսաշրջության դերը։

Շինարարության աճի սպասելիքները կապված են, առաջին հերթին՝ բնակարանային շինարարության հետ։ Այս հատվածում նկատելի ակտիվություն կա, ու ենթադրվում է, որ այն առայժմ կպահպանվի, չնայած հասունացող ռիսկերին, որոնք գնալով ավելի մտահոգիչ են դառնում։

Բայց միայն դրանով չեն պայմանավորվում ոլորտի ակնկալիքները։ Մեծ տեղ է վերապահվել հայտնի ծրագրերից մեկին, որը ժամանակին արգելափակվեց իշխանությունների գործուն ջանքերով ու մասնակցությամբ։ Խոսքն Ամուլսարի ծրագրի մասին է։ Ենթադրվում է, որ այն շուտով կմեկնարկի և էական ազդեցություն կունենա շինարարության վրա։

Գնահատվում է, որ շինարարության վրա Ամուլսարի ազդեցությունն այս տարի կլինի ընդհուպ 4 տոկոսային կետի չափով։

Ամուլսարի ազդեցությունը միայն շինարարության մասով չէ, որ կարևորվում է։ Դրա հետ է ԿԲ-ն կապում նաև արդյունաբերության ոլորտի սպասումները, որոնք, վերջին գնահատումներով, վերանայվել են աճի ուղղությամբ։

Ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկը մեծ սպասումներ ունի Ամուլսարի ծրագրի հետ կապված, բայց դրանք կարծես այնքան էլ արդարացված չեն։ Ամուլսարում իրականացվում է նոր բնապահպանական փորձաքննություն, որի արդյունքները հայտնի կդառնան, լավագույն դեպքում, միայն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողներից մեկը՝ ի դեմս Եվրասիական զարգացման բանկի, արդեն հայտարարել է, որ եթե փորձաքննության արդյունքները չբավարարեն, ապա նախագիծը չի գործարկվի։

Սա նշանակում է, որ Ամուլսարի ծրագրի մեկնարկի հետ կապված շատ հարցեր դեռևս հստակեցված չեն, ու հայտնի չէ, այն այս տարի ընդհանրապես կարո՞ղ է սկսվել, թե՞ ոչ։

Ի տարբերություն ծառայությունների ու շինարարության, ինչպես նաև արդյունաբերության, մեծ չեն Կենտրոնական բանկի ակնկալիքները գյուղատնտեսության մեջ։ ԿԲ-ում կարծում են, որ ցանքատարածությունների կրճատման հետևանքով գյուղատնտեսության մեջ կպահպանվի ցածր աճը։

Թեև հասկանալի չէ, թե ինչ աճի պահպանման մասին է խոսքը, երբ վերջին հինգ տարիներին գյուղատնտեսության մեջ միայն անկում է գրանցվել։

Նաև դրա հետևանք է, որ վերջին տարիներին սպառողները բախվել են բարձր գնաճի ու համատարած թանկացումների հետ։ Ու չնայած արտաքին հատվածից գնաճի թուլացման ակնկալիքներին, ոչ մի հիմք չկա պնդելու, որ նույնը տեղի կունենա ներքին արտադրության գյուղմթերքների պարագայում։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը