Կարծիք

03.06.2023 09:41


Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում երեկ՝ հունիսի 1-ին, տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ-Եվրոպական խորհրդի նախագահ-Գերմանիայի կանցլեր-Ֆրանսիայի նախագահ-Ադրբեջանի նախագահ ձևաչափով։ Թեման Հայաստանի կողմից հանձնումներն էին։ Ժողովուրդը սրտատրոփ սպասում էր՝ հանկարծ չստորագրի այդ կապիտուլյացիոն թուղթը։ Կարծում եմ՝ բոլորովին կարևոր չէ, թե ամսի քանիսին կստորագրեն, բովանդակությունն անգամ չգիտենք, բայց մեկ է՝ երբ էլ ստորագրի, հանձնումների մասին են լինելու միայն։ Հետո Նիկոլը հանդիպեց այլ մարդկանց․ անունը դրել էին Քիշնևի հայ համայնքի հետ հանդիպում, սակայն մամուլը գրեց, որ ներկա մի 40-50 հոգու կեսից ավելին բերել էին Ուկրաինայից՝ որպես Քիշնևի հայ համայնք։ Չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի որ սա իր ոճի մեջ է․ Հայաստանում էլ երբ գնում է գյուղեր հանդիպումների, այլ գյուղերից են մասովկա ապահովում։ Ուկրաինայում կամ Մոլդովայում էլ Նիկոլին ծափ տվող 40 հոգի կգտնվի։

Հարցը, իսկ իրականում աբսուրդը հայ համայնքի հետ հանդիպման բովանդակությունն էր։ Էս մարդը արդեն երկու տարի է՝ անընդհատ, իսկ վերջին մի քանի ամսում՝ ամեն օր, որտեղ նստում-կանգնում է, խոսում է մի բանի մասին՝ ինչ է զիջում։ Սահմանների, տարածքների, անվտանգության վերականգման մասին խոսելիս մի բառ չի արտասանել, դրանց ձեռքբերման մասին, միայն խոսում է՝ էս գյուղը ստեղից կհաձնեմ, էն գյուղերը էն մյուս տեղից, 150 քառակուսի կիլոմետր էս մյուս մասից։ Ասում է՝ դե Տիգրանաշենը հեչ, կհանձնեմ, պրոբլեմ էլ չի լինի, մի գերագնահատեք, ես խնդիր չունեմ։ Ասում է՝ ես կհանձնեմ իմ կողմից, բայց դեռ պարզ էլ չէ, որ Ադրբեջանն էլ կհանձնի իր կողմից հասանելիքը։ Էս մարդն ասում էր՝ այ քեզ բան, ինչ ուզում բանակցում եմ, հիմա իր բանակցությունների արդյունքն է ներկայացնում՝ ես խնդիր չեմ տեսնում, կհանձնեմ։ Չկա էդպիսի գյուղ, որ արժեք է ներկայացնում, իր համար, որ հանձնումն էլ պրոբլեմ լինի։ Դե Սահմանադրության, անվտանգության երաշխավորի, էլ չգիտեմ տարածքային ամբողջականության մասին էլ չեմ էլ խոսում, ավելորդ է։ Այս մարդը, իր պարտավորությունների և պարտականությունների լրիվ հակառակն է անում, անգամ իր երբևէ ասած խոսքերի, հակառակն է ասում և անում, այդ մասով, կարծում ե,մ էլ զարմացող էլ չկա։ 2017 թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա խուլիգանությունից մի տարի առաջ, Նիկոլ Փաշինյան խիստ ընդդիմադիրը ասուլիսում ասում է՝ «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»։ Սա ասում է 2017 թվականի Նիկոլը։ Մեկ այլ հարցազրույցում ավելի կտրուկ դիրքորոշում է հայտնում, թե պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք։ Երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այ էդ ժամանակ խոսենք փոխզիջումից։ Ասում էր դուք խի՞ եք խոսում փոխզիջումից, եթե Ադրբեջանը չի ասում իր փոխզիջումը որն է, եթե չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նիկոլ, Ալիևը հլը մի կողմ, դու ինքդ հիմա ճանաչում ե՞ս Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դու, հիմա ադրբեջանցիներից առաջ ես ճանաչում Արցախն իրենց կազմում։ Լավ, իսկ ի՞նչ ես ստանում դրա դիմաց, ո՞րն է Ադրբեջանի փոխզիջումը, հիմա նույնը քեզ եմ հարցնում։ Դու ինչո՞ւ ես խոսում քո զիջելիքներից, երբ Ալիևը ուր նստում՝ ասում է, պտի տաս, թե չէ գալիս եմ վերցնելու։ Տպավորություն ունեմ, թե Էրդողանն ու Ալիևն ասում են դրանք հանձնի, որ քեզ ճանաչենք Հայաստանի լեգիտիմ իշխանություն, դե ուրիշ տարբերակ ուղղակի չի մնում։ Կամ, ես շատ գիտեմ, կարողա փող են տալիս, մի կամ 5 մլրդ դոլար, օրինակ։ Կարծեմ էդպիսի չփակված թեմա կա։ Ասում է՝ ես ճանաչում եմ ու ակնկալում եմ, հույս ունեմ, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքայն ամբողջականությունը։ Չի ասում՝ ճանաչելու է, վստահ չէ, հույս ունի ընդամենը։ Պատկերացնում ե՞ք որքան է խնդում էն բեղլուն որ լսում է, թե Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեզ էլ ձեռք է առնում, թե՝ էս չե՞ք։

Հիշեցի 2018 թվականը, երբ նոր էր վերցրել իշխանությունը ու իրեն իմանալով, իշխանափոխության ծրագիրը հասկանալով՝ շատերն ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու, սա ձեռք էր առնում բեմից, ասում էր՝ ասում են, թե Նիկոլը եկել ա, որ հանձնի, հանձնողը դուք եք, ով խոսում է փոխզիջումից դավաճան է։ Բա հիմա դու ի՞նչ ես։ Հազարավոր մարդիկ են ապրում էդ գյուղերում, որ Փաշինյանը պատրաստվում է հանձնել։ Նույն Փաշինյանին հարց եմ տալիս՝ քո երրորդ մասի բնակարանը, որ 5 տարի է ծախում ես ու ոչ մեկ չի առնում, պատրա՞ստ ես որևէ մեկին զիջել։ Ո՞նց ես ուրիշի արած-դրածը, ապրուստը, հողը զիջում, ինչ է թե չէս բաշարել նորմալ բան պայմանավորվես։ 5 հազարից ավելի կյանք ես զիջել, է՞լ ինչ ես զիջում, ի՞նչ ես ուզում էս ազգից։

Դավաճանական ու անմակարդակ թեզ է մեջտեղ գցել ու ամեն օր խոսում է այդ մասին, էսօր էլ գրառում էր արել, թե՝ հանձնեմ, որ ձեռք բերեմ կադաստրի վկայական։ Տպավորություն է, որ հայ ժողովրդին դրել է հիմարի տեղ։ Ո՞վ է էդ էշության հեղինակը, ի՞նչ կադաստրի տեղեկանք, ու՞մ կողմից տրված։ Ինչ-որ մարդիկ էլ կան, որ ծափ են տալիս էս հանձնումների վրա։ Ճանաչված պետություն ես, տասնյակ միջազգային կառույցների դիմաց դրոշդ են տեղադրել, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, էլ եսինչգիտեմ ինչի անդամ ենք, դեռ մինչև քո հասունանալը, ի՞նչ կադաստրի թուղթ, արա, ու՞մ ես, դե արի ու մի ասա, էշի տեղ դնում։ Էդ հիմարությունը քննարկող, խորացողներին ասեմ, իրեն անիմաստ է, նա հերթական հիմարությունն է գցում դաշտ․ այ ընկերներ, էդ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը, տո Վրաստանը կադաստրի թուղթ ունե՞ն, ո՞ւմից են ստացել, իրենց թշնամիների՞ց։ Ռուսաստանն Ամերիկային կադաստրի թուղթ է տվե՞լ, երբևէ տենց բան լսած կա՞ք, որ հիմա ընկած էս մարդու ցնդաբանություններն եք քննարկում։ Մեկը չկա հարցնի, այ ընկեր, էդ որ հնգակողմ հանդիպման էիր գնացել, մի հատ եվրախորհրդի նախագահին ասեիր ԵՄ անդամ 28 երկրների կադաստրի վկայականները բեր տեսնեմ ո՞վ ունի։ Ռուսաստան էիր գնացել, ԵՏՄ անդամ պետություններին հարցնեիր կադաստրի տեղեկանք ունե՞ք։ Գիտես, որ հենց էդ թեման դրսում բարձրացնես, սաղ վրեդ կխնդան։ Ներսում էլ են խնդում, բայց, ցավոք, նաև քննարկումների դաշտ ել է բացվում։ Սա շատ վտանգավոր քննարկում է, Նիկոլ Փաշինյանը, փաստացի, Հայաստանի բոլոր հարևաններին դրդում է, պահանջում է տարածքային պահանջ ներկայացնել մեր դեմ։ Թուրքիան արդեն առաջարկել է մեր բանագնացին, որ սահման ճշգրտեն։ Որտեղ քո զորքն է, որտեղ քո քաղաքացին է, էնտեղ քո սահմանն է, սաղ երկրները դրանով են առաջնորդվում։ Կոչ եմ անում բոլոր փորձագետներին, բոլոր գործիչներին, փակել էս աբսուրդ թեման, չքննարկել, էս ինչ գժանոց է։ Մի հատ տխմարություն են դուրս տալիս, սաղովի ընկնում ապացուցում ենք, որ կա էդ թուղթը։ Սա օրակարգ է սպասարկում, ու էդպես հազար ու մի թեմա են գցել՝ քննարկելու, շեղելու համար՝ ինչ-որ, իրենցից բացի, դավաճանների թեման, 5-րդ շարասյան թեման, փող տալու, բայց զենք չստանալու թեման։

Կարճ ասած՝ Նիկոլին ծափ տվող մի քանի հոգին դուրս հանած՝ Սփյուռքի տարբեր համայնքներ արդեն հանդես են եկել դատապարտող հայտարարություններով, դատապարտում են Հայաստանում հիմանական հասարակական-քաղաքական շերտերը, տարբեր մասնագիտական շրջանակներ, եկեղեցին, արվեստի-մշակույթի գործիչները, հազարավոր քաղաքացիներ։ Թվում է, որ հասկանում են ինչ ուղղությամբ ենք գնում ու դատապարտում են, ահազանգ են հնչեցնում։ Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում, որ ի վերջո՝ դատապարտումները դադարեն լինել ինտեռնետում, թղթի վրա ու դառնան հստակ քայլեր։ Փաշինյանը խոսում է դավաճանական բաների մասին, բայց բացի խոսելը՝ նաև անում է։ Իսկ թե որքանը կկարողանա, կհասցնի, անհայտ է, բայց որ այսպես շարունակվել էլ չի կարող՝ փաստ է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը