Քաղաքական

27.04.2009 19:13


Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության համատեղ հայտարարությունը

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը, որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ'

. արձագանքելով քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարացնելու վերաբերյալ Հայ Հեղափոխական Դաշնակցության հայտարարությանը,
. արձանագրելով Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ,
. հավատարիմ մնալով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին և հաստատելով մեր վճռականությունը դրանց իրականացման հարցում,

Հայտարարում ենք.

. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվել և իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան:
. Այս համետեքստում մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և զարգացումը:
. Մենք ողջունում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում:
. Մեկ անգամ ևս ընդգծում ենք Հայաստանի իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ' չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի կարևորությունը:
. Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը' համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան' ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
. Դրական գնահատելով մեր համատեղ աշխատանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ և կարևորելով բազմակարծությունն իբրև արժեք' մենք հարգանքով ենք վերաբերում Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումներին:
Կարծում ենք, որ հետայսու ևս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ և համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»:

Այս խորագրի վերջին նյութերը