Աշխարհ

11.06.2023 09:49


Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (տեսանյութ)

Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ չբացահայտելով իրենց հաղթաթղթերը: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն, գրոհների ժամանակ առավել վտանգավոր էր գործում: Գրոհների հաջորդականության մեջ վերջնական հարվածի դիպուկությունն էր պակասում միայն: «Մանչեսթեր Սիթի»-ն ակնհայտորեն ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը:

Խաղի 35-րդ րոպեին փոխարինվեց «Մանչեսթեր Սիթի»-ի առաջատարներից Քևին դե Բրույնեն: Նրա փոխարեն խաղը շարունակեց Ֆիլ Ֆոդենը: Չիրացնելով իրենց ունեցած հնարավորություններից և ոչ մեկ` թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում թիմերն առավել ագրեսիվ էին գործում, կոպիտ խաղ էին ցուցադրում, իսկ հաշվի փոփոխություն չկար: 56-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում փոփոխություն տեղի ունեցավ և Զեկոյի փոխարեն խաղը շարունակեց Լուկակուն:

«Մանչեսթեր Սիթի»-ն իրացրեց իր պահը 68-րդ րոպեին: Անգլիական ակումբի հերթական գրոհն արդյունավետ հարվածով եզրափակեց Ռոդրին: «Ինտեր»-ը հաջորդ իսկ գրոհին կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, բայց Լուկակուի հարվածից հետո փայլուն գործեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահը:

Բաց թողած գոլից հետո «Ինտեր»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ՝ փորձելով փրկել խաղը։ «Ինտեր»-ը մի քանի անգամ լուրջ սպառնաց մրցակցի դարպասին։ Գոլ խփելու փայլուն հնարավորություն ուներ Դի Մարկոն, ում հարվածից հետո գնդակը կարող էր հայտնվել, կարելի է ասել, դատարկ դարպասում, եթե դրա ճանապարհին չկանգներ «Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը իտալական ակումբի ֆուտբոլիստները փորձում էին փոխել խաղի ընթացքը՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասին։ Նույնիսկ խաղի վերջին վայրկյանին «Ինտեր»-ը հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն կրկին հաջող գործեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Էդերսոնը։

Ի վերջո «Ինտեր»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և իտալական ակումբը 2010 թվականից հետո առաջին անգամ կրկին հասնելով եզրափակիչ` պարտվեց:

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0 (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Այս խորագրի վերջին նյութերը