Տնտեսական

12.06.2023 07:49


Գործազուրկները եռակի շատ են. 170.000 մարդ աշխատանք չունի, գործազուրկ է

Գործազուրկները եռակի շատ են. 170.000 մարդ աշխատանք չունի, գործազուրկ է

Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ սոցապ նախարարը Հայաստանում գործազրկության վերաբերյալ մի թիվ հնչեցրեց, որը շատերին թյուրիմացության մեջ է գցել։ Հայտարարվեց, թե Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված է գրեթե 48,6 հազար գործազուրկ։

Նախարարի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում ընդամենն այդքան գործազուրկ կա։ Այնինչ՝ խոսքը միայն գրանցված գործազուրկների մասին է։

Շատ ավելին են այն գործազուրկ քաղաքացիները, որոնք գրանցված չեն, բայց աշխատանք չունեն։ Նրանք կրկնակի-եռակի շատ են, քան գրանցվածները։

Գաղտնիք չէ, որ շատերն աշխատանք չունենալով հանդերձ՝ հակված չեն որպես գործազուրկ գրանցվել պետական մարմիններում կամ սոցիալական ծառայություններում, վստահություն չունենալով, որ դրանց միջոցով կարող են նորմալ աշխատանք գտնել։ Ուստի նրանք փորձում են ինքնուրույն լուծել իրենց աշխատանքի խնդիրը, որովհետև սոցիալական ծառայության առաջարկած աշխատատեղերը հիմնականում պահանջարկ չունեցող և շատ ցածր վարձատրվող աշխատատեղեր են։

Քչերն են գերադասում այդպիսի աշխատավարձով աշխատել։ Չնայած դա իշխանությունների համար լավ առիթ է ամեն անգամ հայտարարելու, թե Հայաստանում բազմաթիվ ազատ աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։

Թե ինչու չեն ուզում, պատճառներից հիմնականում խուսափում են խոսել։ Իսկ դրանք շատ հիմնավոր են։ Այդ աշխատատեղերը հիմնականում սպեցիֆիկ են, բայց, որ ավելի կարևոր է, ցածր վարձատրվող։

Հատկապես վերջին տարիների թանկացումներից ու բազմաթիվ ապրանքների գների կտրուկ բարձրացումներից հետո, շատերն անիմաստ են համարում աշխատանքի անցնել 60-70 հազար դրամով։ Չնայած Հայաստանում նաև այդպիսի աշխատավարձով աշխատող քիչ քաղաքացիներ չկան։

Այդքան խոսում են աշխատավարձերի կտրուկ աճերից, այնինչ զբաղված 700 հազար աշխատողներից գրեթե 250 հազարը ստանում է նվազագույն աշխատավարձ, երբեմն էլ՝ ավելի ցածր։

Հիշեցնենք, որ մինչև այս տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում 68 հազար դրամ էր։ Այս տարվա սկզբից էլ դարձել է 75 հազար։

Նույնիսկ բարձրացումից հետո, դա այն գումարը չէ, որով կարելի է ամբողջ ամիս ապրել, առավել ևս՝ ընտանիք պահել։ Դրա համար էլ շատերը հակված չեն այդպիսի աշխատավարձով աշխատել։ Փոխարենը՝ գերադասում են արտագնա աշխատանքի մեկնել։

Չնայած վերջին շրջանում, հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, կրճատվել է Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների քանակը, այնուհանդերձ, այդպիսիք դեռևս շատ մեծ թիվ են կազմում։ Գործազուրկների հիմնական մասն իրենց աշխատանքի խնդիրը փորձում է լուծել այդ ճանապարհով։

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա վերջին Հայաստանում 170 հազար գործազուրկ է եղել։

Գործազուրկները գրեթե 3,5 անգամ ավելի շատ են, քան պաշտոնապես գրանցվածները։

Աշխատունակ բնակչության 13 տոկոսն աշխատանք չունի, գործազուրկ է։

Սա դեռ անցած տարվա վերջի տվյալներով։ Այս տարվա սկզբի տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց սովորաբար տարեսկզբին գործազրկության մակարդակն ավելանում է։ Միայն այն, որ հունվարին, նախորդ տարվա վերջի համեմատ, 20 հազար աշխատատեղ էր փակվել, բավարար է ասելու, որ գործազուրկների թիվը տարեսկզբին ավելացել է։

Չնայած առանց դրա էլ, 13 տոկոսը գործազրկության շատ բարձր մակարդակ է։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը կամ կառավարության ու իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, թե Հայաստանում աշխատուժի խնդիր կա, փաստը մնում է փաստ, որ 170 հազար մարդ գործազուրկ է ու աշխատանք չունի։ Իսկ այն, որ որոշ ոլորտներում աշխատողի պակաս կա, դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարել է գտնվել գործազրկության բարձր մակարդարակում։

Գործազրկության ցուցանիշներով շատ առաջ ենք բազմաթիվ երկրներից։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանում գործազրկության մակարդակն ընդամենը 4-5 տոկոս է, Հայաստանում՝ 13 տոկոս։

Ընդ որում, 170 հազար գործազուրկների մեջ ներառված չեն գյուղացիական ավելի քան 300 հազար տնտեսությունները, որոնք համարվում են զբաղված, բայց դրանցում քիչ չեն այնպիսիք, ովքեր գյուղատնտեսությամբ չեն զբաղվում՝ ցածր արտադրողականության պատճառով։ Պատահական չէ, որ գյուղատնտեսական հողերի կեսը մնացել է անմշակ։

Մարդիկ այդ հողերի վրա աշխատանք չեն կատարում, բայց համարվում են զբաղված քաղաքացիներ։ Թեև իրականում նրանք ևս գործազուրկ են։

Ու եթե պաշտոնապես հաշվառվող ցուցանիշներում ներառենք նաև այս մարդկանց, ապա գործազրկության մակարդակը Հայաստանում շատ ավելի բարձր կլինի, քան 13 տոկոսը, որն անցած տարվա արդյունքներով արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։

Պաշտոնական տվյալներով, գործազրկության մակարդակը Հայաստանում կրճատվել է, բայց տասնյակ-հազարավոր աշխատունակ քաղաքացիներ, չնայած որոշ ոլորտներում աշխատուժի նկատվող պահանջարկի, շարունակում են մնալ առանց աշխատանք։

Հայտնի է, որ Հայաստանում աշխատուժի պահանջարկ կա ՏՏ հատվածում։ Բայց այդ պահանջարկը նոր չէ, որ առաջացել է։ Հինգ տարի, տասը տարի առաջ էլ այդպես էր։

Աշխատողների պահանջարկ կա շինարարության մեջ՝ պայմանավորված հիմնականում բնակարանային շինարարությամբ։ Բայց այդտեղ էլ աշխատավարձերն այնքան բարձր չեն, որպեսզի թույլ տան նման բարձր գործազրկության պայմաններում լրացնելու պահանջարկը։ Դա է պատճառը, որ առկա պահանջարկի պայմաններում շատերը գերադասում են մեկնել արտագնա աշխատանքի ու դրսում զբաղվել շինարարությամբ։ Նրանց փոխարեն հաճախ շատ ավելի ցածր վարձատրությամբ այդ աշխատանքները կատարում են օտարերկրացիները, մասնավորապես՝ Հնդկաստանի քաղաքացիները։ Դրանից էլ օգտվում են կառուցապատողները՝ խուսափելով բարձրացնել աշխատավարձերը և ներգրավել տեղացի մասնագետների։ Սրանով Հայաստանի քաղաքացիները դուրս են մղվում աշխատաշուկայից, իսկ նրանց տեղը զբաղեցնում են ցածր վարձատրությամբ աշխատելու պատրաստ օտարերկրացիները։

Ընդ որում, այս խնդիրը միայն շինարարության ոլորտում չէ։ Այն զգացվում է ծառայություններում, գյուղատնտեսության մեջ, նաև այլ տեղերում։ Տեղական աշխատուժը փոխարինվում է դրսից եկածներով։ Դրա հաշվին աշխատատեղերն ավելանում են, սակայն նաև լուրջ ռիսկեր են ձևավորվում՝ տեղական աշխատուժի համար։ Խորանալու դեպքում դա Հայաստանի քաղաքացիների շրջանում հետագայում հանգեցնելու է գործազրկության ավելացման՝ իր սոցիալական ու ժողովրդագրական հետևանքներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը