Խմբագրական

13.10.2011 18:48


Իշխանությունը «վա–բանկ» է գնում. ի՞նչ կանի հակառակ կողմը

Իշխանությունը «վա–բանկ» է գնում. ի՞նչ կանի հակառակ կողմը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե իրենք հաջորդ տարի նախատեսում են 101 մլրդ դրամով (այժմյան փոխարժեքով՝ մոտ 270 մլն դոլար) ավելացնել հարկային եկամուտները, գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այն, որ իշխանությունը «մեծ բյուջեի» միջոցով խնդիր է դրել գերկենտրոնացնել երկրի տնտեսական դաշտը, վերաբաշխել սեփականությունը և, ի վերջո, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Բնականաբար այդ ամենը հանրությանը ներկայացվում է «պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո։

«Մեկ օլիգարխի» տնտեսական համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում է նաև ԱԺ–ում ներկայացված խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ նախագահական նստավայրից ուղղորդվող քարոզչական արշավը, որն իրականացվում է «ընդդիմադիր» թերթերի ու կայքերի, վարձկան «վերլուծաբանների» ու «անկախ» փորձագետների միջոցով։

Յուրայինների մեջ օտարը և օտարների մեջ յուրայինը

Հաշվի առնելով ներկա տնտեսական ճգնաժամը և իշխանությունների քաղաքական ծրագրերը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն, իր վերարտադրման նպատակին հասնելու համար, «վա–բանկ» է գնում։ Ըստ այդմ՝ նա պատերազմ է հայտարարում բիզնեսին և փորձում է իր իշխանությունն ամրապնդել հարկային մամլիչի կիրառման օգնությամբ՝ հընթացս «քցելով» տնտեսական դաշտի «յուրայիններին» այնպես, ինչպես հայ–թուրքական գործընթացը նախաձեռնելով «քցեց» կուսակիցների գաղափարական շերտին ու հակաքիրվայական հայացքներով առաջնորդվող այն մարդկանց, ովքեր 2008–ին որպես չարյաց փոքրագույն էին իրենց ձայնը տվել ՀՀԿ «ճկուն» կուսակցապետին։

Բանն այն է, որ Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են՝ վարվող տնտեսական քաղաքականության հետևանքով իրենց դեմ են տրամադրել ոչ միայն փոքր ու միջին, այլ նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությանը։ Հետևաբար՝ ընտրական փուլում հանրության այդ շերտերն իրենց պատասխանն իշխանությանը այս կամ այն կերպ տալու են և դրանից խուսափելու համար է, որ Սարգսյանը ֆինանսական ռեսուրսից ուզում է զրկել իր հիմնական ընդդիմախոսներին, որպեսզի նվազագույն դիմադրության հանդիպի։ Դա է պատճառը, որ ռեժիմն իր միակ թիրախ է ընտրել գործող խորհրդարանը, որտեղ հիմնականում խոշոր կապիտալի կրողներ են։ Այդ հարցում, ի դեպ, հարթակային «ընդդիմություն» ՀԱԿ–ը բազում ծառայություններ է մատուցում Ս. Սարգսյանին ու վստահաբար՝ էլի կմատուցի։ Պատահական չէ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը պարբերաբար անդրադառնում ու քննադատում է ԱԺ–ում հայտնված գործարարության հետ առնչվող սուբյեկտներին, բայց «մոռանում» է գործադիրում ու մասնավորապես նախագահի ապարատում գործող իրական օլիգարխների ունեցվածքի և վարքագծի մասին խոսել։

Հետաքրքրական է, որ ՀԱԿ առաջնորդի այդ մոտեցումները լայնորեն լուսաբանվում են «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցներով։

Ո՞րն է իշխանության ծրագիրն ապագա ԱԺ–ի կազմի մասով

Հավանաբար նկատած կլինեք, որ շատ է խոսվում այս խորհրդարանի կազմը վերանայելու և խոշոր կապիտալի կրողներին այնտեղից դուրս մղելու մասին։ Իշխանության կողմից ուղղակի և անուղղակի ձևով փորձ է արվում ձևավորել հանրային կարծիք, ըստ որի՝ մեր երկրում ամեն ինչ վատ է, գները աճում են ու տնտեսությունը ճգնաժամի մեջ է, քանի որ հարուստ պատգամավորները միայն իրենց շահի մասին են մտածում ու օրենսդրական աշխատանքով չեն զբաղվում, և  որպեսզի վիճակը շտկվի, պետք է թույլ չտալ խոշոր սեփականատերերի մուտքն ապագա ԱԺ, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Նկատենք, որ այս ամենը հիշեցնում է բոլշևիկների կողմից սեփականատերերի կուլակաթափման, էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիայի և գործարանը բանվորներին տալու ծրագիրը, որը բոլշևիկյան Ռուսաստանին ոչ միայն չօգնեց դուրս գալ ճգնաժամից, այլև սովի մատնեց միլիոնավոր մարդկաց, իսկ ով էլ հիշեցնում էր համայնավարների բլեֆ–խոստումների մասին, «կարմիր տեռորի» գաղափարախոսները նրանց նետում էին զնդանները կամ գնդակահարում։

Այն, որ գործող խորհրդարանի կազմը հեռու է ցանկալի մակարդակից, անվիճելի է։ Սակայն խոշոր բիզնես–կլասի առկայությունը երկրի ներկայացուցչական մարմնում հատուկ է բոլոր անցումային երկրներին, որոնք ավտորիտարիզմից փոխակերպվում են շուկայականի։ Դա կապիտալի նախնական կուտակման փուլի առանձնահատկություններից է և քանի դեռ մասնավոր սեփականության ինստիտուտը պաշտպանելու գործուն մեխանիզմ չկա՝ օրինաչափ պետք է համարել խոշոր բուրժուազիայի ներկայությունը ԱԺ–ում։ Այլ հարց է, որ խորհրդարանում պետք է լինեն նաև հասարակության շարժիչ ուժը համարվող և պետության կայուն զարգացմանը նպաստող փոքր ու միջին բիզնեսի և հասարակության այլ շահերի խմբերի պաշտպանները։

Անշու՛շտ մեր հանրության մոտ կա դժգոհություն իշխանությունից, մենաշնորհներից, մի շարք անգրագետ պատգամավորներից ու անտաղանդ նախարարներից, բայց ստեղծված վիճակը նրանից չէ, որ խորհրդարանում գործարարներ կան։ Խնդիրը տնտեսաքաղաքական համակարգի՛ մեջ է, ինչը չնկատելու է տալիս իշխանությունն ու աղքատ մարդկանց ստորին բնազդներն օգտագործելով՝ ուզում է իր մասնավոր շահն առաջ տանել։

Դատելով իշխանական ուղերձներից ու արվող քայլերից՝ կարող ենք պնդել, որ խնդիր է դրված ոչ թե արդյունավետ դարձնել օրենսդիր մարմնի աշխատանքը, այլ կատարյալ քաղաքական ախոռի վերածել ապագա ԱԺ–ն ու ստանալ 100 տոկոսով հլու–հնազանդ կառույց, որն իր կազմով ու գործունեությամբ կհիշեցնի կթվորուհիներով ու տիտղոսային մտավորականներով լեցուն սովետական Գերագույն խորհուրդը։

Սեփականատերերի դեմ դուրս գալով՝ իշխանությունը ոչ թե հայտարարում է, թե թույլ չի տալու ընտրական օրենսգրքի խախտմամբ նրանց վերընտրությունը, այլ բացահայտ խոսում է, պատկերավոր ասած, «բոմժերից» բաղկացած և բառիս բուն իմաստով նշանակովի խորհրդարան ունենալու ցանկության մասին։

Ըստ իշխանության՝ այդ «բոմժերի» խորհրդարանում «ընդդիմության» դերը պետք է կատարի ՀԱԿ–ը, որը պետք է «քննադատի» իշխանությանը «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում մինչև վերջ չգնալու և խոշոր սեփականատերերի կուլակաթափությունը դանդաղ իրականացնելու համար, դե իսկ մեծամասնությունը կլինեն մարդիկ, ովքեր կներկայացնեն միայն նախագահական նստավայրին ու Սարգսյանի հրահանգով, առանց մանրամասնությունների մեջ խորանալու, կողմ կքվեարկեն տնտեսական դաշտը «մեկ մարդու» համար վերաձևելու բոլոր օրինագծերին։ Պալատական մտավորականներին այդ դեպքում վերապահված կլինի ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունենալու և իշխանության տնտեսական «նախաձեռնողականությունը» գովերգելու ֆունկցիան։

Կստացվի՞ այս ամենը, թե՞ ոչ՝ այլ հարց է, բայց որ իշխանության կողմից նման խնդիր է դրված՝ կասկած չկա։

ԱԺ–ում՝ ինչպես Երևանի ավագանիում. սա՛ է իշխանության ցանկությունը

Այս իշխանության համար ցանկացած բիզնեսմեն, լինի նա կրպակատեր կամ խոշոր արդյունաբերող, ընկալվում է թշնամի, ինչը յուրօրինակ նեոբոլշևիզմի դրսևորում է, երբ ինքդ ամենախոշոր օլիգարխը լինելով հանդերձ՝ պայքարում ես այլոց սեփականությունը խլելու, անհայրենիք խունվեյբիններով ու սազանդար–մտավորականներով լեցուն խորհրդարան ստեղծելու և երկրի ֆինանսական հոսքերը սեփականաշնորհելու համար։

Իրականությունն այն է, որ իշխանությունը գործարարներից ուզում է ձերբազատվել ոչ թե նրա համար, որ նրանք օրենսդիր գործունեությամբ չեն զբաղվում, այլ ճիշտ հակառակը՝ զբաղվում են։ Ճիշտ է, նրանք զբաղվում են այն ժամանակ, երբ իրենց մաշկին է դիպչում իշխանությունը, բայց փաստն այն է, որ այդ դեպքերում մենք տեսնում ենք օրենսդիրի և գործադիրի հակակշիռների ու զսպումների մեխանիզմի կիրառում։

Ելնելով սեփական շահերից՝ խոշոր սեփականատեր օրենսդիրները, որպես կանոն, դեմ են դուրս գալիս այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ուղղված են բիզնեսը խեղդելուն։ Ասել է թե՝ գործարար պատգամավորները, ուզած–չուզած, պայքարում են Հայաստանի տնտեսությունը վերջնականապես գերմենաշնորհային դարձնելու գործադիր իշխանության ցանկության դեմ՝ դրանով իսկ հանրության հետ յուրօրինակ ընդհանուր շահի դաշտում հայտնվելով։ Ահա սա՛ է, որ չի հանդուրժում Սերժ Սարգսյանը, և ձգտում է ունենալ այնպիսի խորհրդարան, որը նման կլինի Երևանի ավագանուն։

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում կան անուն հանած բազում մտավորական կոչվածներ՝ ռեժիսորներ, դերասաններ և այլն, ովքեր, սական, ծպտուն անգամ չեն հանում որևէ հարցի վերաբերյալ, բացի վերադասին քծնելու պարտականությունն իրականացնելիս։

Տեսե՛ք. նախագահականի կոպիտ միջամտությամբ Երևանի քաղաքապետը փոխվեց։ Թողնենք այն հարցը, թե ինչպես էր ընտրվել Գագիկ Բեգլարյանը (համենայնդեպս նա, ի տարբերություն Ս. Սարգսյանի, համոզիչ հաղթանակ տարավ Տեր–Պետրոսյանի նկատմամբ) և ինչպիսին էր նա որպես քաղաքապետ։ Տվյալ պարագայում կարևորն այն էր, որ Բեգլարյանը քաղաքապետ դարձավ ուղղակի պայքարի մեջ մտնելով, իսկ «մուտիլովկայից» հետո կաբինետային որոշմամբ Երևանի ղեկավար  նշանակվեց մեկը, ում մասին շատերը չգիտեին որպես Երևանի ավագանու անդամ։

Ուշագրավ է, որ նախքան նոր քաղաքապետի նշանակումը բոլորն իրենց կարծիքն ու կանխատեսումն էին ներկայացնում այն մասին, թե ով պետք է լինի հաջորդ քաղաքապետը, բայց Երևանի ավագանին, որին օրենքով պատկանում էր իր կազմից քաղաքապետ ընտրելու բացառիկ իրավունքը, որևէ կարծիք չհայտնեց այդ թեմայով։ Քաղաքապետն, այդպիսով, ընտրովիից դարձավ նշանակովի, ու դա է պատճառը, որ Կարեն Կարապետյանը թքած ունի ցանկացած հանրային պահանջի վրա. նա հաշվետու է իրեն նշանակողին՝ Բաղրամյան 26–ին (ի դեպ, Երևանի կառավարման առումով Ս. Սարգսյանն իր գործողություններով վերականգնեց Տեր–Պետրոսյանի երազած 1995–ի «սահմանադրական կարգը». քաղաքապետը դարձավ նախագահի կողմից նշանակովի)։

Հաջորդ դիտարկումը Երևանի ավագանու մասով. մայրաքաղաքում կրպակներ են ապամոնտաժվում, կամ մետրոյի գին է թանկանում։ Այդ ամենի դեմ պայքարում ու խոսում են շատերը, բայց Երևանի ավագանու «ախոռային» մեծամասնությունից ձայն չկա. համընդհանուր «ադաբրյամսի» մթնոլորտ է։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի պատկերացրած խորհրդարանն անգլիացի գրող Օրուելի նկարագրած և Երևանի «անլեզու» ավագանին հիշեցնող մի կառույց պետք է լինի, որտեղ բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար։

Ամփոփում

Ակնհայտ է, որ ներկա տնտեսաքաղաքական համակարգն իրեն սպառել է և պետք է փոխվի։ Սերժ Սարգսյանն այն մարդկանցից է, ով իրոք ուզում է փոխել այս համակարգը, բայց մտահոգիչն այն է, որ նա, «էջմիածնական միաբաններին» որպես գործիք ծառայեցնելով, ընտրել է փոխելու նեոբոլշևիկյան հետադիմական մոդելը՝ պատերազմ հայտարարելով ձեռներեցությանը՝ փոքրից մինչև խոշոր։ Այսինքն՝ բաց համակարգ ստեղծելու փոխարեն իշխանությունը հիմա գնում է այն ավելի փակ դարձնելու ճանապարհով։

Ինքնին հասկանալի է, որ դա թույլ տալ չի կարելի։ Եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվի ու երկրում ադրբեջանական կամ թուրքմենական սուլթանատի տիպի հարաբերություններ արմատավորվեն, ապա կվտանգվի մեր պետության գոյությունն անգամ, քանի որ մարդկության պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ մասնավոր սեփականությունը, հասարակության միջին խավը և ազատ ձեռներեցությունը թիրախ դարձրած իշխանության ձեռքում գտնվող պետությունը չվերանա։ ՍՍՀՄ օրինակը բոլորիս աչքի առաջ է։

Ինչ վերաբերում է բուրժուազիայի ներկայացուցիչներին (հատկապես՝ խոշորին), ապա նրանց այլ բան չի մնում, քան քաղաքական պատասխանատվություն վերցնել, գնալ հանրային լայն համախմբման և նպաստել բուրժուադեմոկրատական, կամ որ նույնն է՝ ազգային–դեմոկրատական փոփոխություններին։ «Սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանն այլընտրանք չունի, բացի շուկայական տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների կառուցման ուղին ընտրելուց։

Ելնելով վերը նշվածից՝ կարող ենք ասել, որ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ իրար դեմ են դուրս գալու Սարգսյան–Տեր–Պետրոսյան թրքաբոլշևիկյան զույգի գլխավորած գաղափարապես մարգինալ ուժերը մի կողմից և «երկխոսական» տիրույթից դուրս գտնվող ու հայաստանակենտրոն ուժերը՝ մյուս կողմից։ Սպասվող պայքարի ելքն էլ կկանխորոշի Հայաստանի ապագան։

Ցանկալին այն է, որ երկիրն այս վիճակից դուրս բերվի առանց ցնցումների, իսկ դրա համար մասամբ պետք է կիրառել «իշխանության մուտքը ներսի կողմից է» բանաձևը։ Այլ տարբերակ չկա։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը