Լրահոս

16.06.2023 17:28


Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում

Երեկ՝ հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Ի․-ն է։

Արտյոմ Ի․-ն հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից, որտեղ նրան անօգնական և անգիտակից վիճակում հայտնաբերել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության տեսուչ Խորեն Հարությունյանի և 1-ին վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկները չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա Խ․ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։

Պարզվել է, որ Արտյոմ Ի․-ն բջային հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 19-ամյա Մելիք Ա․-ի հետ, որից հետո վերջինիս ընկերները իրենց ընկերոջ խնդիրը հարթելու նպատակով պայմանավորվել և հանդիպել են Արտյոմ Ի․-ին, որի հետ է եղել նրա ընկեր 20-ամյա Գառնիկ Հ․-ն։ Սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության, վիճաբանությունը՝ ծեծկռտուքի, ծեծկռտուքն էլ՝ դանակահարության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ վիճաբանողներից մեկը դանակահարել է Արտյոմ Ի․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում Երևանի Հանրապետության Հրապարակում հայտնաբերել են Գառնիկ Հ․-ին։ Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Երևանում հայտնաբերել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմեն Կ․-ին, Կարեն Մ․-ին Գևորգ Ռ․-ին, Նարեկ Խ․-ին, Տիգրան Բ․-ին։ Վերջիններիս բնակության հասցեները պարզվում են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 2․2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նշված անձինք Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը