Տնտեսական

19.06.2023 09:36


Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Առիթի դեպքում իշխանությունները չեն դադարում ճառեր ասել Հայաստանի տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ, խոսում են ճանապարհներ ասֆալտապատելու, մանկապարտեզներ վերանորոգելու կամ կառուցելու, ջրագծեր անցկացնելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու մասին։ Բայց իրականությունը դրանից բոլորովին էլ չի փոխվում։

Եթե համարենք, որ Երևանում կյանքը եռում է, ապա Երևանից դուրս, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական իրավիճակը շատ տխուր է։

Հայտարարվող տնտեսական զարգացումների ու բարձր աճերի ազդեցությունը մարդկանց ապրելու պայմանների վրա ոչնչով նկատելի չէ։ Շատերը նույնքան վատ են ապրում, երբեմն նույնիսկ ավելի վատ, քան նախկինում։

Վերջին տարիներին կյանքն ահավոր թանկացել է, իսկ մարդկանց մի ստվար հատվածի եկամուտները գրեթե չեն ավելացել կամ այնքան չեն ավելացել, որքան թանկացումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն աշխատելու ու բավարար եկամուտ ստանալու հնարավորություն չունեն։ Այս մարդկանց համար ոչ մի նշանակություն չունի, թե տնտեսությունն ինչ տեմպերով է աճել, աշխատատեղերն ինչքանով են ավելացել, իսկ աշխատավարձերը՝ բարձրացել։ Նրանք աշխատանք չունեն ու աշխատավարձ չեն ստանում։ Աշխատատեղերը կավելանան, թե աշխատավարձերը կբարձրանան, միևնույն է։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ամեն տարի Հայաստանում տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր են ավելանում, իսկ այդ ավելացումներն այս մարդիկ այդպես էլ չեն տեսնում։ Չեն տեսնում, որ իրենց գյուղում կամ քաղաքում նոր աշխատատեղեր են ավելացել։ Չեն տեսնում նաև տնտեսական աճերի ազդեցությունն իրենց վրա։ Լավագույն դեպքում կարող է 2-3 հազար դրամով թոշակ ու նպաստ ավելանալ։ Բայց թանկացումներն այնքան շատ են ու այնքան կտրուկ, որ այդ մի քանի հազարը ոչ մի խնդիր չի լուծում։

Տնտեսական աճի, անգամ հայտարարվող բարձր աճի բարիքներն այս մարդկանց հիմնականում հասանելի չեն։ Հասանելի չեն նաև հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարվող աշխատատեղերի ավելացումները, անկախ նրանից՝ դրանք ստվերի՞ց են դուրս եկել, թե՞ նոր են ստեղծվել, տեղի է ունենում հիմնականում Երևանում։

Երևանից դուրս գրեթե տեղաշարժ չկա։ Որոշ մարզերում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նույնիսկ եղած աշխատատեղերն են փակվում։

Աշխատանքի շուկան կենտրոնացած է հիմնականում Երևանում։ Աշխատատեղերի գրեթե 70 տոկոսն այստեղ է։

Աշխատաշուկայի կենտրոնացումը վերջին մեկ տարում նույնիսկ խորացել է։

Մեկ տարի առաջ աշխատատեղերի 68 տոկոսն էր Երևանում, հիմա հասել է 70 տոկոսի։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել 699 հազար 239 աշխատատեղ, որից 488 հազար 776-ը՝ Երևանում։

Մյուս բոլոր բնակավայրերում միասին առնվազն երկու անգամ քիչ աշխատատեղ կա, քան միայն Երևանում։

Երևանից դուրս գրանցված աշխատատեղերը կազմել են ընդամենը 210 հազար 463, ավելի քան 278,3 հազարով պակաս, քան միայն Երևանում։

Ավելացող աշխատատեղերը, որոնց մասին այդքան հաճախ հայտարարվում է, Երևանում են։ Պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 40,4 հազարով աշխատատեղի աճ է արձանագրել, որից ավելի քան 39,2 հազարը եղել է Երևանում։ Մյուս բոլոր մարզերում տարվա ընթացքում ընդամենը 1,1-1,2 հազար աշխատատեղ է ավելացել։ Այն էլ՝ ոչ բոլոր մարզերում։

Աշխատատեղերը մի քանի հարյուրով ավելացել են Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերում։

Կոտայքի մարզում անցած մեկ տարվա ընթացքում աշխատաշուկան համալրվել է 638 աշխատատեղով։ Սյունիքի մարզում 526 աշխատատեղ է ավելացել, իսկ Լոռու մարզում՝ 480։ Մնացածում չեն ավելացել կամ նվազել են։

Մարզերի մեծ մասում նախորդ տարվա համեմատ աշխատատեղերը կրճատվել են։

Արագածոտնի մարզում անցած տարվա առաջին եռամսյակում գրանցված է եղել 11 հազար 996 աշխատող, այս տարի մնացել է 11 հազար 588-ը։

Աշխատատեղերը կրճատվել են 408-ով։

Արարատի մարզում 27 հազար 361-ից մնացել է 27 հազար 313 աշխատատեղ, Արմավիրի մարզում 24 հազար 558-ից մնացել է 24 հազար 492-ը։

Վայոց ձորում, Գեղարքունիքում և Տուվուշում ևս աշխատատեղերը կրճատվել են։

Անշուշտ, մտահոգիչ է, որ աշխատատեղերը փակվել են, սակայն առավել մտահոգիչ է այն, որ այս մարզերն անմասն են մնացել արձանագրվող բարձր տնտեսական աճերից ու հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումից։

Տարածքային համաչափ զարգացումից են խոսում, իսկ բևեռացումը գնալով ավելի է խորանում։ Աշխատաշուկան կենտրոնանում է Երևանում, այնինչ՝ մարզերում կյանքը մեռնում է, աշխատատեղերն ավելանալու ու մարդկանց եկամուտներով ապահովելու փոխարեն, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է փաստում, եղածներն էլ երբեմն փակվում են։

Իրենց աշխատանքի ու սոցիալական խնդիրները լուծելու համար շատերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի։ Մի մասն էլ փորձում է Երևանում աշխատանք փնտրել, ինչի հետևանքով Երևանից դուրս և հատկապես աշխատանքով համեմատաբար քիչ ապահովված բնակավայրերը դատարկվում են, իսկ մարդիկ կենտրոնանում են Երևանում։

Սա է իշխանությունների իրականացրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը։ Կարծում են, ճանապարհներ ասֆալտապատելով կամ մեկ-երկու շենք վերանորոգելով ու մի քանի մարդու ժամանակավոր աշխատանքով ապահովելով, իրավիճակը փոխվելու է։ Չեն հասկանում, որ տարածքային համաչափ զարգացման համար հարկավոր է նախ և առաջ աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հիմնական աշխատանքով ու կայուն եկամուտներով ապահովել։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ շատերը հեռանում են, և ոչ միայն իրենց բնակավայրերից, այլև երկրից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը