Տնտեսական

19.06.2023 12:32


Միջին աշխատավարձը կտրուկ նվազել է, նվազել են նաև եկամտային հարկի մուտքերը

Միջին աշխատավարձը կտրուկ նվազել է, նվազել են նաև եկամտային հարկի մուտքերը

Ապրիլին կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել աշխատաշուկայում։ Ի հեճուկս իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների՝ աշխատավարձերը նախորդ ամսվա համեմատ կտրուկ նվազել են։

Եթե մարտին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել էր 284,5 հազար դրամ, ապա ապրիլին եղել է 255,8 հազար։

Այլ կերպ՝ միանգամից նվազել է 28,7 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։

Ապրիլին միջին աշխատավարձը նվազել է՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում, թեև պետականում՝ ավելի քիչ։ Պետական հատվածում նվազումը 7 հազար դրամի կարգի է, մասնավորում՝ 39 հազար։

Սա միջին աշխատավարձի շատ կտրուկ անկում է, որի մասին իշխանությունները սովորություն չունեն խոսելու։ Թեև այն ունի իր պատճառները, ինչպես նախորդ ամսվա բարձր աճը։ Նախորդ ամսվա բարձր աճերի մասին հաճույքով խոսում էին, իսկ ապրիլի անկման մասին լռում են։

Լռում են, որովհետև դա իրենց քարոզչական հնարքների մեջ չի տեղավորվում։

Լուռ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Մարտին, երբ նախորդ ամսվա համեմատ, սեզոնայնության, մասնավորապես՝ այդ ամսին սովորաբար վճարվող հավելավճարների արդյունքում միջին աշխատավարձի բավական կտրուկ աճ էր գրանցվել, նա պահը բաց չէր թողնում փառաբանելու կառավարության ձեռքբերումները։ Ապրիլին, երբ մարտի համեմատ դրանք նույնքան կտրուկ նվազել են, այլևս խոսք չկա աշխատավարձերից։

Խոսք չկա նաև եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ, որովհետև դրանք ևս նվազել են։

Չնայած այն հանգամանքին, որ ապրիլին գրանցվել են հարկային եկամուտների բարձր մուտքեր, եկամտային հարկի մուտքերն ապրիլին ամենաքիչն են եղել այս տարվա ընթացքում։ Նախորդ որևէ ամսում այդ հարկատեսակի գծով ավելի քիչ մուտքեր չեն արձանագրվել։

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ հունվարին եկամտային հարկի մուտքերը կազմել էին 47,3 մլրդ դրամ, փետրվարին՝ գրեթե 41,8 միլիարդ, մարտին՝ 43,8 միլիարդ, իսկ ապրիլին՝ շուրջ 41,6 միլիարդ։

Ակնհայտ է, որ մինչև ապրիլ, ամենացածր մուտքերը գրանցվել էին փետրվարին։ Բայց ապրիլի մուտքերը նույնիսկ դրանից էլ քիչ են եղել՝ առնվազն 200 մլն դրամով։

Մարտի համեմատ տարբերությունը շատ ավելի մեծ է՝ 2,2 մլրդ դրամով քիչ եկամտային հարկ է հավաքվել ապրիլին, քան հավաքվել էր մարտին։

Հունվարի մասին նույնիսկ չենք խոսում. ապրիլին տարբերությունը հունվարի համեմատ հասնում է ընդհուպ 5,7 միլիարդի։

Խնդիրն այն է, որ եկամտային հարկի մուտքերն ուղղակիորեն կապ ունեն աշխատավարձերի ու աշխատատեղերի հետ։ Երբ աշխատավարձերը բարձրանում են, կամ աշխատատեղերն ավելանում են՝ դրանք ուղղակիորեն երևում են նաև եկամտային հարկի ցուցանիշներում։

Բայց ինչպես տեսնում ենք, ապրիլին եկամտային հարկի մուտքերը նախորդ ամիսների համեմատ նվազել են կամ ամենացածրն են եղել։ Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ՝ աշխատավարձերն են նվազել, կամ աշխատատեղերն են կրճատվել։

Աշխատավարձերը ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, իսկապես նվազել են, այն էլ՝ կտրուկ։

Շատ ավելի կտրուկ է եղել անկումը նախորդ տարվա վերջի համեմատ։

Նախորդ տարվա դեկտեմբերին միջին աշխատավարձը Հայաստանում 309 հազար էր, այս տարվա ապրիլին կազմել է 255 հազար դրամ։

Եթե համեմատենք այս թվերը, կստացվի, որ ապրիլին, նախորդ տարվա վերջի նկատմամբ, միջին աշխատավարձը նվազել է 54 հազար դրամով։

Երբևէ լսել ե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը խոսի միջին աշխատավարձի նվազման, այն էլ, այսպիսի կտրուկ նվազման մասին։ Բայց բարձրացումների մասին, ինչքան ասես, խոսում է։

Միջին աշխատավարձի նվազումով է պայմանավորված, որ ապրիլին նվազել են նաև եկամտային հարկի մուտքերը։

Իսկ որ ապրիլին ունեցել ենք բարձր հարկային մուտքեր, դա էլ իր պատճառներն ունի։

Ապրիլը համարվում է հաշվետու ամիս՝ շահութահարկի վճարման համար, և այդ ամսին սովորաբար հարկային եկամուտները բարձր են լինում՝ հենց շահութահարկի վճարման արդյունքում։ Բացառություն չի եղել նաև այս տարվա ապրիլը, բայց բացառություն ասվածն այս դեպքում մեղմ է ասված։

Շահութահարկի մուտքերն ապրիլին կազմել են ավելի քան 160 մլրդ դրամ։

Ընդհանուր հարկային եկամուտները եղել են 296 միլիարդ, որից միայն շահութահարկը 160 մլրդ դրամ է՝ ավելի շատ, քան մյուս բոլոր հարկերը միասին վերցրած։

Ապրիլի հարկային մուտքերի ավելի քան 54 տոկոսը եղել է շահութահարկը։

Նախորդ տարի էլ շահութահարկի մուտքերը բավական մեծ էին՝ 98 մլրդ դրամից ավելի, բայց նախորդ տարի այն կազմել էր ապրիլի մուտքերի միայն 42 տոկոսը։ Այս տարի կազմել է 54 տոկոսը՝ 12 տոկոսային կետով ավելի բարձր։

Շահութահարկի այսպիսի կտրուկ փոփոխությունը պայմանավորված է առաջին հերթին բանկային համակարգում անցած տարի կուտակված հսկայական շահույթներով։

Հիշեցնենք, որ անցած տարի բանկային համակարգի շահույթները հասան 256 մլրդ դրամի՝ 3 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Սա ո՛չ մեր տնտեսության, և ո՛չ էլ բանկային համակարգի փառահեղ գործունեության արդյունքն է։ Ուղղակի հանգամանքներն այդպես են դասավորվել, որից էլ օգտվել են միջնորդական ծառայություններ մատուցող ֆինանսական կազմակերպությունները և բարձր շահույթներ են գեներացրել։

Նույն հայտնի գործոնների և ռուսական շուկա իրականացվող մատակարարումների արդյունքում ավելացել են ոչ միայն շահութահարկի, այլև ավելացված արժեքի հարկի մուտքերում։

Հիմնականում այս երկու հարկատեսակների հաշվին են հարկային եկամուտների ավելացումները։ Ու չնայած իշխանությունները դրանից մեծ շոուներ են փորձում սարքել՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե ինչպիսի «աննախադեպ» հաջողությունների են հասել տնտեսության ու հարկերի հավաքման առումով, իրականում գործ ունենք երևույթի հետ, որը լուրջ վտանգներ է պարունակում՝ թե՛ մեկի, և թե՛ մյուսի համար։ Այդ վտանգներն առաջիկայում աստիճանաբար առարկայական կդառնան, որը կտեսնենք՝ ինչպես տնտեսության աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը