Լրահոս

20.06.2023 21:15


Բջջային հեռախոսով նկարել են 21 հոգու անձնագրեր և անգրավ վարկեր վերցրել. ՔԿ

Բջջային հեռախոսով նկարել են 21 հոգու անձնագրեր և անգրավ վարկեր վերցրել. ՔԿ

Ավարտվել է Լոռու մարզի երկու բնակիչների կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութաին գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 35-ամյա բնակիչը, իր մտերիմի՝ նույն մարզի 53-ամյա բնակչուհու հետ նախնական համաձայնության գալով հեռավար բանկային ծառայության համակարգերով տրամադրվող անգրավ վարկերի գումարներ հափշտակելու շուրջ, նաև վերջինիս օժանդակությամբ ձեռք բերելով մի շարք քաղաքացիների անձնական տվյալները, նրանց անվամբ առցանց եղանակով կնքել է պայմանագրեր և հափշտակել ուրիշի խոշոր չափերով, ընդհանուր՝ 3․630․000 ՀՀ դրամը:

Մասնավորապես, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 53-ամյա կինը իր համագյուղացիներին, ծանոթներին և բարեկամներին, հավաստիացնելով, թե նրանց ընդգրկում է իր կողմից առցանց առևտրով զբաղվելու համար ստեղծված խմբում կամ ակնկալում է արտերկրից գումար ստանալ, սակայն իր հաշվեհամարն արգելափակված է, ինչպես նաև ասելով, թե ցանկանում է նայել անձնագրի լուսանկարը, իր բջջային հեռախոսով բանկային հավելվածում հեռախոսահամարներ մուտքագրելուց և էջեր ստեղծելուց հետո ինտերնետային վճարային համակարգում լուսանկարել է նշված անձանց ու նրանց անձնագրերը: Այդ եղանակով 53-ամյա կինը նույնացրել և գրանցել է նրանց հավելվածում՝ ձևակերպելով հաշիվները, որոնց մուտքանուններն ու գաղտնաբառերը փոխանցել է 35-ամյա տղամարդուն։

Վերջինս, տիրապետելով հիշյալ անձանց ինտերնետային վճարային համակարգում առկա տվյալներին, այդ կերպ ձեռք բերելով հեռավար բանկային ծառայության համակարգերով վարկային պայմանագրեր կնքելու հնարավորություն, նրանց անվամբ, էլեկտրոնային եղանակով, ինտերնետային վճարային համակարգի միջոցով ՓԲ ընկերությանը ներկայանալով հիշյալ անձանց անձնական տվյալներով, բացել է բանկային հաշիվ և առցանց եղանակով կնքել է 21 պայմանագիր, որի արդյունքում խաբեությամբ ՓԲ ընկերությունից հափշտակվել է ընդհանուր 3․630․000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 53-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), իսկ 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը