Աշխարհ

21.06.2023 13:08


«Տիտանիկը» տեսնելու մեկնած ու անհետ կորած սուզանավի որոնումների ընթացքում ձայներ են լսվել

«Տիտանիկը» տեսնելու մեկնած ու անհետ կորած սուզանավի որոնումների ընթացքում ձայներ են լսվել

«Տիտանիկի» խորտակման վայրի մոտակայքում անհետ կորած սուզանավի որոնումների ժամանակ հիդրոլոկատորով հագեցած կանադական ինքնաթիռը ձայներ է որսացել: Որոնողական խմբերը փորձում են գտնել այդ ձայների աղբյուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը:

Նշվում է, որ առայժմ հեռակառավարվող ստորջրյա ապարատները դրական արդյունքներ չեն գրանցել, որոնումները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նյու Յորքի ժամանակով կեսգիշերի (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի) դրությամբ՝ «Տիտան» սուզանավում գտնվող 5 մարդկանց մնացել էր 30 ժամից պակաս շնչելու օդ:

Սուզանավն ուղեկցող նավի հետ կապը կորցրել է հունիսի 18-ին՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց: Որոնումներում ներգրավված են ԱՄՆ-ի և Կանադայի խմբերը: Ֆրանսիան ևս ուղարկել է մի նավ՝ սարքավորված ստորջրյա ռոբոտով:

Սուզանավում գտնվող անձանց թվում են բրիտանացի գործարար և հետազոտող Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Շահզադա Դավուդը և նրա որդի Սուլեյմանը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել է դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը և RMS Titanic, Inc. ընկերության տնօրենն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը ևս գտնվել է բաթիսկաֆի (ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարք, որը կարող է ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել-Tert.am) վրա, որն անհետացել է Ատլանտյան օվկիանոսում՝ դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր էքսկուրսիայի ժամանակ:

Հեմիշ Հարդինգը 58-ամյա գործարար է, օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող Action Aviation-ի սեփականատեր: Նա որպես զբոսաշրջիկ թռել է տիեզերք Blue Origin տիեզերանավով: Նա Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է՝ Երկրի շուրջ ամենաարագ շրջագայությունը երկու բևեռներով, օվկիանոսի ամենախոր հատվածում անցած ամենաերկար ճանապարհը, այդպիսի խորության վրա ամենաերկար տևողությամբ մնալը:

Այս խորագրի վերջին նյութերը