Քաղաքական

24.06.2023 09:43


Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի հարուստ տեղակալը․ «Հրապարակ»

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի հարուստ տեղակալը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի գույքն ու ունեցվածքը 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին աճ են գրանցել։ 2021 թվականին Բադալյանը հայտարարագրել էր 2 հողամաս՝ Գառնիում եւ Ծաղկաձորում, բնակարան՝ Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ առանձնատուն՝ Սեւանում։ 2022-ին այս գույքին ավելացել է նաեւ հողամաս Երեւանում եւ առանձնատուն ԱՄՆ-ում։ Սա այն առանձնատունն է, որի մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց, եւ սեփականատերը հայտարարեց, որ հայրն է օգնել այն գնելուն։

Բացի այս, Բադալյանը 2022 թվականի ընթացքում 2 բնակարան է ստացել Երեւանում՝ որպես ժառանգություն, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ, տարվա վերջում նա իրեն պատկանող 2 բնակարանները վաճառել է։ 2021 թվականի ընթացքում Բադալյանը 131 մլն 579 հազար դրամ է փոխառությամբ վերցրել «Դոռզնակ» ՍՊԸ-ից, որը պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին, այսինքն՝ ստացվում է, որ Բադալյանն իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունից պարտք է վերցրել եւ ողջ 2022 թվականի ընթացքում վերադարձրել է այս գումարից 16 մլն դրամը։ 2022 թվականի ավարտին Բագրատ Բադալյանի դրամական միջոցները կազմել են 620 հազար դոլար, 2 մլն 129 հազար դրամ, 15 հազար եվրո։

2021 թվականի ավարտին Բադալյանի դրամական միջոցները կազմում էին 346 հազար 762 դոլար, 15 հազար եվրո, 639 հազար դրամ, այսինքն՝ 2022-ի ընթացքում Բադալյանի հայտարարագրած դրամական միջոցները կտրուկ աճ են գրանցել։ Բադալյանը նաեւ 40 հազար դոլար կանխիկ դրամ է հայտարարագրել։ Նա 2022 թվականի ընթացքում հորից բնամթերային ձեւով ժառանգություն է ստացել նաեւ 53 մլն 83 հազար դրամ, ենթադրվում է, որ որպես ժառանգություն՝ այդ գումարին համարժեք ինչ-որ բան է ստացել, 2022 թվականի ընթացքում ստացված եկամուտներն ընդհանուր կազմել են 340 մլն 161 հազար դրամ, այսինքն՝ մոտ 900 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանին է պատկանում նաեւ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որին են վստահում կառավարության՝ տեխնիկական վերահսկողության ծառայությունները։ Այս ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով միլիարդավոր դրամների պայմանագրեր է կնքել պետության հետ։ Բագրատ Բադալյանի կնոջ՝ Մարգարիտա Ագանիսյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բադալյանի՝ ԱՄՆ-ում գնված բնակարանն արժե 584 հազար 950 դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը