Քաղաքական

24.06.2023 18:11


Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք». Արմեն Գևորգյան

Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք». Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է.

«Պարո'ն նախագահ,

Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»:

Ժողովրդավարական Եվրոպայի բազմաթիվ կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և քաղաքական շրջանակների ակնհայտ անգործության պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բավական բացահայտ կերպով և գրեթե ամեն օր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնք քաղաքացիական կյանքն այնտեղ անհնար են դարձնում: Այսօր Լեռնային Ղարաբաղում 120.000 հայեր դե ֆակտո մեկուսացված են քաղաքակիրթ աշխարհից և կանգնած են բնաջնջման վտանգի առաջ:

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից: Լեռնային Ղարաբաղում հայերի պատմական ժառանգությունը հիրավի ողջ մարդկության և քրիստոնեական, եվրոպական քաղաքակրթության հարուստություններից է, այնպես չէ՞: Ավելին, իմ ժողովրդի այլ նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Գալուստ Գյուլբենկյանը, Ջորջիո Արմանին, Վենետիկի և Վիեննայի հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանությունը և շատ ուրիշներ այլուր ստեղծել և շարունակում են ստեղծել ժառանգություն, որը պատկանում է Եվրոպային: Նրանք համոզված էին, որ Եվրոպան, որը ժամանակին դարձել էր իրենց նոր հայրենիքը, քայլեր կձեռնարկի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ: Եվրոպայում հումանիտար նոր աղետից խուսափելու համար մենք պետք է վստահ լինենք, որ Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է միջազգային համայնքում. այդպես այս ժողովրդի ժառանգությունն ազգերի առավել լայն համայնքի հարստությունը կդառնա:

Պարո'ն նախագահ,

Թույլ տվեք առաջ քաշել այս բանաձևին և առաջարկություններին կողմ քվեարկելու երկու հիմնական պատճառ: Նախ` այն հստակ կերպով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի 170-օրյա անմարդկային շրջափակումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Երկրորդ` հանձնարարականում հաշվի են առնվում հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության կիրառած անընդունելի բառամթերքն ու հռետորաբանությունը, ինչը, հուսով եմ` Նախարարների կոմիտեն կունկնդրի:

Հարգելի' գործընկերներ,

Բոլորին է հայտնի, թե Ադրբեջանի պատվիրակությունն այսօրվա բանավեճը տապալելու համար որքան ջանք գործադրեց: Նրանք ապաստան են փնտրում այս կազմակերպությունում` ձախողելու համար մյուսներին և միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Չնայած միջազգային դատարանի երկու վճիռներին` շրջափակումը դեռ շարունակվում է: Տարիներ շարունակ մենք ներկայացնում էինք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել և հայերի նկատմամբ ատելություն ու խտրականություն տարածել: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մեր կազմակերպությունը խուսափի փաստացի ոչ ստույգ և պատմականորեն անհավաստի պնդումներից, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, իսկ այս տարածաշրջանի ապագան` որպես նրա ներքին գործը:

Հարգելի' գործընկերներ,

Հազարամյակներ շարունակ հայերը պահպանում են իրենց ազգային արժանապատվությունն ու ինքնությունը: Մենք ականատես ենք եղել բազմաթիվ այլ կայսրությունների և էթնոսների կործանմանը: Այս անգամ էլ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են իմ ժողովրդի առջև: Հուսով եմ` նաև ձեր աջակցությամբ»:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը