Կարծիք

28.06.2023 07:29


«Կարճ ասած»․ Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակ մեղադրում ուրիշներին (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակ մեղադրում ուրիշներին (տեսանյութ)

2020 թվականի նոյեմբերի կապիտուլյացիայից ի վեր Նիկոլ Փաշինյանը պաշտպանական գծի վրա է․ այդ ամենը ակնհայտ է, որովհետև, նա ամենքին մեղադրում է, նրա թիմակիցները հոխորտում են՝ մեկ նպատակով, որպեսզի արդարացնեն իրենց արած հանցագործությունները։ 20 թվականից սկսած նրանց ամբողջ գործունեությունը արդարացում է։ Փաշինյանի էսօրվա ելույթը ԱԺ-ում ծայրից ծայր անհաջող ու ստի վրա կառուցված արդարացում էր․ ինքը համոզում է, թե գիտե՞ք ես մեղավոր չեմ պատերազմի և դրա ելքի համար․․․ Ու սկսում է թվել, խոսել ինչ ասես, մի նպատակով՝ որը կպնի, կպնի։ Տեսեք․մեղավոր է հոկտեմբերի 27-ը, գեներալները․ նրանք բոլորը, պարզվում է, իրեն սխալ են զեկուցել, միջազգային գործընկերներն են մեղավոր, որ ասել են պատերազմը հավանական չէ և այլն և այլ։ Սուտասան ու ծույլ դպրոցականի կամ կյանքով մեկ անհաջողակի, լոդր տղամարդու կամ դավաճանի, հայրենիք ծախածի պես՝ ինքնարդարացումներ են։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ բանակցային պատմությունից․ վստահ եմ, տեղյակ է, բայց Քոչարյանի ժամանակ բանակցությունների ժամանակ չեղած բանը հիմնավորելու համար հղում է անում հերոս եղբորն ուրացած Արամ Սարգսյանին և Վահան Շիրխանյանին, որը հոկտեմբերի 27-ին պաշտոն էր ուզում դեռ Վազգեն Սարգսյանի դիակը խորհրդարանում։ Պատկերացնու՞մ եք ինչ վիճակում լինես, որ հղում անես դրանց։ Ինչո՞ւ է նրանց հղում անում, որովհետև բանակցությունների մեջ այդպես էլ չի գտել մի որևէ թուղթ, որը կհիմնավորի, թե Քոչարյանը Մեղրի էր փոխանակում։ Չի էլ կարող կեղծել, որովհետև այդ թղթերը հո միայն այստեղ Հայաստանում չեն եղել, դրանք կան բոլոր կողմերի մոտ, բոլոր միջնորդ երկրների մոտ, հետևաբար մնում է հղում անես օրինակ անանուն, իսկ իրականում կեղծ աղբյուրի, ինչպես ինքը դեղին մամուլի խմբագիր եղած ժամանակ էր անում։ Այս մարդու մոտ բան չի փոխվել, նա դեռ իրեն ընկալում է դեղին մամուլի ներկայացուցիչ, այլ ոչ թե պետության պատասխանատու կառավարիչ։ Որովհետև, դու որպես մամուլ դժվար թե տիրապետես բոլոր հանգամանքներին և փաստաթղթերին, իսկ որպես երկրի ղեկավար, ամենը ձեռքիդ տակ է, անգամ գաղտնի թղթերը․․․ Բայց սա այդ ամբողջը, կարծես անտեսում է և հղում անում Արամ Սարգսյանին և Շիրխանյանին, ովքեր Քոչարյանից, ներողություն ժարգոնային բառի համար՝ աբիժնիկ են։

Նիկոլն ինքը հո լավ գիտի, որ Քոչարյանի կառավարման ժամանակ եղել է 92 զոհ, եղել է ամենախաղաղ ժամանակաշրջանը, բայց ինքը տալով շուրջ 5 հազար զոհ պատերազմում, հարյուրավոր զոհեր պատերազմից հետո, իրեն հույս է տալիս, թե էն ժամանակ խաղաղ չէր, տեսեք՝ ժողովուրդ, կորուստներ կային։ Ընդ որում, ասում է՝ գիտեք Քոչարյանի ժամանակ չէ ավելի խաղաղ եղել, իր ժամանակ 163 զոհ ենք ունեցել։ Նախ սուտ ես ասում, ինքս 2021 թվականին պաշտոնապես դիմել եմ, քո դատախազություն ստացել եմ պաշտոնական թիվ՝ 92․ երկրորդը, անգամ քո բերած թվերով էլ որ նայեմ՝ միևնույնն է՝ ամենից խաղաղն է եղել։

Ինքը հո գիտի, թե երբվանից ու ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցություններից, էլի կրկնեմ, այս մարդը լիարժեք տիրապետում է բոլոր արձանագրություններին, սղագրություններին, բայց դե իր ուզածը չի գտնում, ու էլի ստում է․ ինչո՞ւ․ ինքնաարդարացման համար։

Նա փորձում է համոզել մարդկանց, թե՝ ժողովուրդ, ես մեղավոր չեմ, ես եղել եմ ընդամենը խեղճ հարիֆ։ Նա հո գիտի ինչ է բերել մեր ժողովրդի գլխին, հասկանում է տակից դուրս գալ չի լինում, անցել է գրեթե 3 տարի, դե չի լինում, հակառակը զայրույթը ակումուլացվում է, նա շատ լավ դա զգում է, վստահ եմ։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին կանդրադառնամ հաջորդ թողարկման մեջ, քանի որ այսօրվա թատրոնը այնքան երկարեց, որ ժամանակս չէր հերիքի անդրադառնալ։

Երեկվա թեմային եմ ուզում, անդրադառնալ, կարծում եմ էդտեղ էլ հետաքրքիր բաներ կային։ Ուրեմն, էս մեր իշխանական պատգամավորները, դե էն Նիկոլի թիմակիցները, որ ծպտունները երբեք դուրս չի գալիս երբ Ալիևը հերթական անգամ ձեռք է առնում Փաշինյանին, հոխորտում Հայաստանի, հայ ժողովրդի վրա, սրանք, երբեք ձեն չեն հանում, բայց պարզվում է՝ խիստ ծանր են տարել, որ Վիգեն Խաչատրյանին ստիպված եղան սոցցանցային հայհոյանքների ներքո և միայն ՔՊ-ններով ճանապարհել այն աշխարհ։ Ընդդիմությունը չմասնակցեց սգո արարողություններին։ Պատկերացնու՞մ եք ինչ անարդարություն, էն Վիգեն Խաչատրյանին որը Արցախն ու արծախցուն համարում է Ադրբեջան, իսկ բոլոր մեր հաղթանակները սխալ։ Հիմա սրանք, դրանից նեղված խորհրդարանում հրահրեցին քաշքշուկ։ Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությանը մասնակցել-չմասնակցելը խիստ մանր հարց է։ Արժա՞ն, կամ հայենասե՞ր մարդ էր հանգուցյալը․ հարցն անգամ ծիծաղել է։ Ասում են մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ։ Համաձայն չեմ։ Թումանյանն ասում է՝ «երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ անդադար», բայց նաև ասում է՝ «չարն էլ է միշտ ապրում անմեռ, անեծք նրա չար գործին»։ Եթե մենք այս ամբողջ ընթացքում ադրբեջանական ու թուրքական թեզերը տարածող, կրկնող ու պաշտպանող անձանց անուններ ենք ուզեցել տալ, հաստատ Փաշինյանի, Արսենյան Գուրգենի և մյուսների կողքին տվել ենք Վիգեն Խաչատրյանի անունը։ Ադրբեջանական մամուլը եթե ուզեցել է հիմնավորել, թե Արցախն ադրբեջանական է, այդ մարդկանց անուններն է տվել։ Ինձ համար հասկանալի է, որ այդ մարդու հոգեհանգստին չի գնացել որևէ հայրենասեր մարդ, այս իշխանության գծին ընդդիմադիր։ Բայց, արի ու տես, որ սրանք էս ամբողջ կարևորագույն գործընթացներն ու պայքարը բերել-իջեցրել են հոգեհանգստի գնալ չգնալու մակարդակի։

Սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն իմ կարծիքով ամենակարևորն է և հենց դրանից է բխում ՔՊ-ի լարվածությունը։ Ո՞վ է Հայաստանում ատելության այս հսկա ռեսուրսի հիմնադիրը․ Նիկոլ Փաշինյանն իր թիմով։ Սա անգամ բանավեճի թեմա չէ։ Իրանք սկսեցին սևերի ու սպիտակների բաժանումը, ինքը խոսեց ինչ-որ վրեժների, վենդետայի, ասֆալտին ծեփելու մասին, ստիպեցին ատել բոլորը բոլորին, անգամ էսօր բոլոր գերդաստանների մեջ քաղաքական պատճառներով խռովություններ կան, իսկ երբ բանը հասավ թուրքերին, ԱԺ ամբիոնից փոխխոսնակի մակարդակով հայտարարեցին, թե ատելությունը վատ բան է։ Այսինքն՝ պետք է ատել ոչ թե թշնամուն, այլ՝ ժողովրդին։ 2018 թվականից ի վեր առաջին անգամ է, որ մահանում է ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչ, ու սրանք համացանցում, անգամ բեսեդկաներում, փողոցներում ու երթուղայիններում արձագանքներից զգացին իրենց քարոզած ատելության շունչը։ Վիգեն Խաչատրյանն իր մահով ցույց տվեց իշխանության սարսափները։ ՔՊ-ականներն իրենք իրենց տեսնում էին Վիգեն Խաչատրյանի փոխարեն ու սարսափում։ Նիկոլը համ երկու անգամ այցելեց հանգուցյալ Խաչատրյանին, մի քանի հատ գրառում արեց, որ ցրեր էդ թանձր մթնոլորտը, բայց տեսան՝ չի լինում։ Էն որ ասում են ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովուրդը մեր կողմից է, իրենք իրենց համոզում էին ամեն օր, էսօր տեսնում են ժողովրդի վերաբերմունքը, այն էլ մահացածի դեպքով։ Նրանք հասկանում են, որ էն ամենը, ինչ իրենք բերել են երկրի գլխին, չի մոռացվում, չի մոռացվի։ Պատերազմից հետո, բազմաթիվ խնջույք-հարսանիքների են մասնակցել Նիկոլենք, Աննան էր կոչերով հանդես գալիս, թե՝ մոռանանք, թոթափենք վիշտը, շարժվենք առաջ և այլն, բայց հասկանում են, որ այդպես չի կարող լինել։

Այսօր, բոլորը, լավ՝ շատերը, հասկանում են, որ այս վիճակից զատ, դուք ունեցել եք հնարավորություն խաղաղ ճանապարհով հարցը լուծելու կամ գոնե պահելու, այլոց հանձնելու, բայց ոչ՝ դուք գնացել եք պատերազմի ճանապարհով, դուք զենք առնելու փոխարեն զինվորին ցույց եք տվել առանց հրթիռ Սու-երի նկարները, կլուբնիկ եք առել, հերոսներին դատել, դուք աշխարհով մեկ հայտարարել եք Արցախը Հայաստան է, թշնամին ուրախացել ա ու ասել՝ բա մենք բանակցում ենք, որ պարզենք Արցախը Ադրբեջան է, թե անկախ, եթե հիմա դա են հայտարարում, էլ ինչ՞ եմ բանակցում, մնում ա պատերազմելը։ Դուք պարտվել եք, դուք բերել եք էս աղետը ու սա չի մոռացվի։ Ու հիմա երբ տեսնում եք, որ ձերոնցից մարդ է մահանում, ժողովուրդն ասում է՝ էս մեկ։ Ու դուք դրանից եք սարսափած։ Որովհետև դուք ձեզ հայտնի պատճառներով վերընտրվեցիք, զարմացաք դրա վրա ու սկսեցիք ձեզ ու մյուսներին համոզել, թե ձեզ ժողովուրդն է ընտրել, ուրեմն նորմալ ա ամենինչ․․․ Ո՛չ, ոչինչն էլ նորմալ չ է։

Ասում են՝ երեկ ԱԺ-ում Վիգեն Խաչատրյանի հոգու հանգստության համար կազմակերպված քաշքշոցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բղավել է, թե՝ «Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի»։ Այո, իրենք միշտ որոշել են, թե երբ միջադեպ հրահրեն, դրա վարպետն են․ բայց Վահագն Ալեքսանյանը կարծում եմ չհասկանալով՝ այլ ճշմարտության մասին է բարձրաձայնել․ իրենք են որոշել՝ ՀՀ քաղաքացին երբ ու որտեղ զոհվի՝ Ջեբրաիլում զոհվի, դատարանի դահլիճում, թե Լեո-Պարոնյան խաչմերուկում, էդ 5 հազարն էլ զոհվեցին ձեր որոշմամբ, որ Նիկոլին չասեն դավաճան, 15 մեր եղբայրները ողջակիզվեցին զորանոցում, որովհետև դուք որոշել էիք զորանոց սարքելու փոխարեն պարգևատրել Պապիկյանին։ 225 հոգին, որ զոհվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, ամեն ինչ զիջելու ձեր որոշման արդյունք էր։ Հույս ունեմ՝ Վիգեն Խաչատրյանի մահն էլ դուք մասնակցություն չունեք, որ, ասենք, ճշտեիք, թե ինչքան հեղինակություն ունեն մեր երկրում ձեր թիմակիցները։

Կարճ ասած՝ այս իրավիճակը լուրջ ազդակ պետք է լինի իշխանությանը։ Կարող եք հիմա էլ ավելի կառչել թիկնապահներից ու ոստիկաններից, բարձրացնեք աշխատավարձը, որ ձեր թիկունքն ավելի ամուր պահեն։ Բայց մի մոռացեք, որ ինչ-որ պահի կզրկվեք իշխանությունից, դրա հետ միասին՝ պահպանությունից։ Դուք վախենում եք այ դրանից, բայց դա անխուսափելի է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը