Քաղաքական

28.06.2023 19:37


44-օրյա պատերազմում Ռուսաստանի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են և ապատեղեկատվություն․ Զախարովա (տեսանյութ)

44-օրյա պատերազմում Ռուսաստանի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են և ապատեղեկատվություն․ Զախարովա (տեսանյութ)

44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթերում, որոնց տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։

Երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե արդյոք հնարավոր էր խուսափել պատերազմից՝ հաշվի առնելով որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմ էին ուզում, իսկ Ռուսաստանը ցանկանում էր ուժեղացնել ազդեցությունն ու իր խաղաղապահներին տեղակայել տարածաշրջանում։ Ընդ որում, Փաշինյանը չի մեկնաբանել պատերազմում Ռուսաստանի դերը։

«Այդ դերը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հաստատված է անմիջապես հակամարտող կողմերի կողմից, եւ այդ հարցի շուրջ բացարձակ կոնսենսուս է ձեռք բերվել»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է։ «44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն»,-հավելել է Զախարովան։

***

Մտահոգված ենք տեղի ունեցած զինված միջադեպով եւ հրադադարի ռեժիմի խախտմամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի գիշերային ագրեսիան, որի հետեւանքով Արցախի ՊԲ չորս զինծառայող է զոհվել։

«Կողմերին զսպվածության եւ բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում»,-ասել է Զախարովան։

«Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,-հավելել է նա։

***

Ռուսաստանը բացասական է վերաբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու մտադրությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմը բազմիցս իր բացասական վերաբերմունք է հայտնել այդ մտադրությանը։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը