Կարկուտն ու քամին մեծ վնասներ են հասցրել Արցախի տարբեր շրջաններում
Հունիսի 30-ին կարկուտ է տեղացել Ասկերանի և Մարտունու շրջաններում: Քամու ուժգնացման հետևանքով մայրաքաղաքում ցանկապատ է շրջվել, իսկ Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր:
Հունիսի 30-ին ժամը 19:50-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղացած կարկուտի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել: Ասկերանի շրջանի Լուսաձոր, Դահրավ, Աստղաշեն, Պատարա և Այգեստան համայնքներում տեղացած կարկուտի տրամաչափը կազմել է մոտ 0,5-1սմ:
Կարկուտ է տեղացել նաև Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նորշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: Վնասի չափը ճշտվում է:
Ժամը 18:10-ին գրանցված ահազանգի համաձայն, մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում քամին շրջել է մոտ 50մ երկարությամբ և 2մ բարձրությամբ ցանկապատը:
Ուժեղ քամին վնասներ է հասցրել նաև Բերքաձոր և Այգեստան համայնքներին: Գրանցված ահազանգերի համաձայն, վնասվել է ընդհանուր առմամբ 8 տան տանիքներ: Բերքաձորում, քամու ուժգնացման հետևանքով պոկվել են նաև էլեկտրալարեր, կոտրվել են ծառեր, ինչի հետևանքով փակվել էր ճանապարհը:
ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, բնական աղետի հետևանքները մեղմացնելու նպատակով, իրականացրել է անհետաձգելի վթարափրկարարական աշխատանքներ:
Կարկուտն ու քամին մեծ վնասներ են հասցրել Արցախի տարբեր շրջաններում