Մեկնաբանություն

15.10.2011 16:41


Եկել է նյուվասյուկիզմը թամաշայով փոխարինելու ժամանակը

Եկել է նյուվասյուկիզմը թամաշայով փոխարինելու ժամանակը

Արդեն շատերն են համոզվել, որ պետական կառավարման ոլորտում այս իշխանությունների նախընտրած մեթոդը ցուցադրական թամաշաների կազմակերպումն է։ Այսինքն՝ մենք գործ ունենք ցինիկ դեմագոգիայի, փարիսեցիության և երեսպաշտության հետ։ Այդ գործում հատկապես աչքի է ընկնում «միջազգային կենտրոնների» մեծ սիրահար Տիգրան Սարգսյանը։

Վարչապետ նշանակվելուն պես «տիրացուն» սկսեց Կառավարության նիստերի սկզբում դասախոսություններ կարդալ բարեպաշտության, համեստ ապրելակերպի, պետական միջոցների հետ խնայողաբար վարվելու և այլ նման բաների մասին։  Այսինքն՝ վարչապետը խոսում էր բաներից՝ իրական կյանքում ճիշտ հակառակ վարքը դրսևորելով, բայց կար ժամանակ, երբ միամիտներն ու հայ քաղքենիներն այդ սրտաճմլիկ տեքստերին հավատում էին։ Շատ չանցած, սակայն, հանրության լայն շերտերի համար բացահայտ դարձավ, որ տերտերական առոգանությամբ այդ քարոզները խնդիր ունեն քողածածկելու այն, ինչով զբաղվում է վարչապետն ու իր շրջապատը։

Մարդիկ տեսան, որ ինչքան շատ է վարչապետը խոսում փոքր ու միջին բիզնեսին օգնելու մասին, այնքան վատանում է նրանց վիճակը, իսկ մեկ գիշերվա մեջ սրանց կազմակերպած փոխարժեքային թալանին կնախանձեին անգամ «քոքված» ջեբկիրները։

Մարդիկ հասկացան, որ ինչքան շատ է վարչապետը խոսում իշխանության ու բիզնեսի սերտաճումը բացառելու մասին, այնքան իր ու իր հարազատների գործերն են լավանում, իսկ դրսից բերած վարկերն էլ, ըստ wek.ru կայքի հրապարակումների, ուղղորդվում են Տիգրան Սարգսյանի մերձավորների բիզնեսի բարգավաճմանը։

Մարդիկ արձանագրեցին, որ ինչքան շատ է վարչապետը խոսում համեստ ապրելակերպի մասին, այնքան իր շրջապատի «հոգևորականները» թանկարժեք «Բենթլիից» կարգով ցածր մեքենա չեն վարում։

Մի խոսքով, «ուսյալ–կրթյալ» և «համեստ ապրելակերպով և պաս պահելով կյանքն անցկացնող» վարչապետի PR–փուչիկը շատ արագ պայթեց։ Տ. Սարգսյանն էլ, թերևս, զգաց, որ նյուվասյուկիզմի և դեմագոգիկ դասախոսությունների փուլն անցավ, և մի նոր բան է նախաձեռնել։ Հիմա արդեն Կառավարության նիստերի ժամանակ թամաշաներ են կազմակերպվում։ Վերջին դեպքը վարչապետի և ՏՄՊՊՀ–ի ղեկավար Արտակ Շաբոյանի միջև տեղի ունեցած հուզիչ երկխոսությունն էր, որի ժամանակ բեմադրվեց «խստապահանջ վարչապետը և նրա ահից դողացող ու կատարելության ձգտող ենթական» շոուն։

Տ. Սարգսյանն այդ թատրոնի ժամանակ առաջնորդվում էր «խփիր մերձավորներիդ, որպեսզի թշնամիներդ վախենան» մոդելով, բայց ընդամենը քմծիծաղ առաջացրեց ներկաների մոտ, քանի որ բոլորն են հասկանում, որ մեր երկրի գլխավոր խնդիրները լուծվելու են ոչ թե ՏՄՊՊՀ–ի կիրառած տուգանքների, այլ համակարգային փոփոխությունների միջոցով։

Եթե Տ. Սարգսյանը շատ է մտահոգված մենաշնորհներով ու ցանկություն ունի պայքարել դրանց դեմ, ապա խորհուրդ կտանք իր Արտակ Շաբոյանի ուշադրությունը հրավիրել մեդիա դաշտի վրա, ուր վերջին երկու–երեք տարիներին արձանագրվում են մեկ սուբյեկտի կողմից մենաշնորհային դիրք գրավելու միտումներ։

Բաղրամյան փողոցի վրա նստավայր ունեցողները գրեթե ամբողջությամբ սեփականատեր են դարձել հեռուստատեսության ոլորտում, ինչպես նաև հանդիսանում են բազում «ազատ, բայց սերժատու» կայքերի ու «լևոնականի» անվան տակ իրենց ներկայացնող թերթերի փաստացի ղեկավարները։ Այս ամենը, բնականաբար, չնկատելու է տալիս վարչապետը։ Բայց հետաքրքիր կլիներ լսել նրա կարծիքը և տեսնել դեմքի արտահայտությունը, երբ նա Շաբոյանին կոչ կանի տուգանել «սերժատու» հեռուստաալիքներին՝ հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար։ Այդ դեպքում թամաշան կատարյալ կդառնա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը