Քաղաքական

06.07.2023 11:16


Փաշինյանը ցանկանում է ամեն գնով սիրաշահել թուրքերին․ «Փաստ»

Փաշինյանը ցանկանում է ամեն գնով սիրաշահել թուրքերին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ ունի իր շահերը, իսկ այդ շահերը սպասարկելու նպատակով քաղաքացիներն ընտրության միջոցով ձևավորում են իշխանություն։ Եվ ընտրության հարցում ուղենիշային է լինում այն հանգամանքը, թե տվյալ քաղաքական գործիչը կամ քաղաքական թիմը որքանով է ընդունակ սպասարկել հանրային շահերը։ Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքական թիմը շատ լուրջ խոստումներով իշխանության է գալիս, սակայն ընթացքում պարզվում է, որ այդ մարդիկ ավելի շատ ոչ թե երկրի շահերն են սպասարկում, այլ սեփական շահերը կամ օտարի շահերը։ Եվ դա կարելի է ցույց տալ ինչպես իշխանությունների գործողություններով, այնպես էլ գրանցված արդյունքներով։

Նույն կերպ էլ կարող ենք տեսնել, թե ինչպիսի հզոր ու զարգացած պետություն էր խոստանում Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության, և ինչ ունենք հիմա՝ հինգ տարի հետո։ Ներկայում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, դրա հետ մեկտեղ էլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում։ Իր ստեղծումից սկսած Հայաստանն անվտանգային մասով երբեք այսքան խոցելի չի եղել։ Իշխանությունները կա՛մ ընդունակ չեն զենք ձեռք բերելու, կա՛մ էլ եթե ձեռք են բերում, ապա այդ սպառազինությունը, որպես կանոն, տեղ չի հասնում։ Բայց իշխանականների համար ոչ թե այն է կարևոր, որ պետության շահերն առաջ չեն մղվում, այլ այն, որ իրենց գործերն են առաջ գնում։

Քպականներն ու, այսպես կոչված, մերձիշխանականները, որոնք ժամանակին փաբերի մշտական այցելուներ էին, հիմա հանգիստ տեղավորվել են տաքուկ աթոռների վրա՝ հասցնելով ահռելի եկամուտներ կուտակել, անշարժ ու շարժական գույք ձեռք բերել ու սրընթաց բարելավել իրենց կյանքի որակը։ Մինչ հասարակ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, իշխանականները, պետության օգտակարության համար ոչինչ չանելով, շարունակաբար հարստանում են հսկայական չափերով։ Ու հաճախ էլ չբավարարվելով ունեցածով՝ նրանք տոգորվում են ագահության նոր մոլուցքով։ Կոռուպցիան շարունակում է եռալ, իսկ այն կոռուպցիոն դրսևորումները, որոնք իրավապահները հայտնաբերում են, համարվում են միայն այսբերգի գագաթը, ու կոռուպցիայի դեմ պայքարն ընդամենը թոզփչոցի է հանրության աչքերին։ Իսկ որ գործող իշխանությունները նաև օտարի շահերն են սպասարկում, դրա մասին կոնկրետ փաստերն են վկայում։

Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ Իրանի։ Սա կարելի է հասկանալ այնպես, որ ՀՀ իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են միջանցքի հարցով՝ չնայած ձևականորեն հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Ու փաստացի ստացվում է, որ Հայաստանի շահերի պաշտպանության հարցում Իրանն ավելի հետևողական է, որ չի համաձայնում այդ միջանցքի բացմանը, քան ՀՀ իշխանությունները։ Արցախի հարցում էլ ՀՀ իշխանություններն այնքան անկարող ու ապիկար են, որ սփյուռքի հայությունը ստիպված է լինում Մակրոնին դիմել, որն էլ հայտարարում է, թե Արցախի հարցով ինքը միակն է, ով հստակ կեցվածք ունի և հետևողական է լինելու Արցախի հարցում։ Անգամ Արցախի իշխանություններն են արդեն անիմաստ համարում ՀՀ իշխանություններին դիմելը, դրա համար էլ Արցախի նախագահը աջակցության համար կոնկրետ ՌԴ նախագահին է նամակով դիմում։

Փաշինյանի իշխանության երկարատևությունը մեծապես ձեռնտու է նաև Ալիևին։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահը միշտ «խնայում» է ՀՀ իշխանություններին և փոխարենը անողոք է ՀՀ ընդդիմության նկատմամբ։ Նա պարբերաբար թիրախավորում ու հաթաթա է տալիս ընդդիմադիրներին՝ նրանց անվանելով ռևանշիստներ։ Այլևս պարզ է, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով սիրաշահել թուրքերին։ Իսկ Հայաստանի ու Արցախի շահերը մեծապես անտեսվում են։ Դրա համար էլ երբ Փաշինյանն Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր ստացավ, անմիջապես շտապեց մասնակցել, այն դեպքում, որ Էրդողանի ղեկավարման ժամանակ էր, որ Թուրքիան ներգրավվեց Արցախի դեմ պատերազմում՝ ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի հանցագործություններին։

Էրդողանի իշխանության պայմաններում էր, որ հազարավոր վարձկան ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից տեղափոխվեցին Արցախ ու Թուրքիայի աջակցությամբ որջեր ձևավորեցին տեղում։ Պատահական չէ, որ նույնիսկ Իրանն է ժամանակ առ ժամանակ անհանգստություն հայտնում այն կապակցությամբ, որ այդ ահաբեկիչները չեն հեռացել։ Ու այս ամենն էլ բավական չէ, ՀՀ իշխանությունները կոնկրետ պրոթուրքական գաղափարներ են գեներացնում։ Ուշադիր լինելու դեպքում կարող եք նկատել, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է մղում Արարատից ու ընդհանրապես պահանջատիրությունից, պատմական հիշողությունից հրաժարվելու ու ազգային ինքնությունը մի կողմ դնելու թեզերը։ Իշխանական թիմի մյուս ներկայացուցիչները ևս հետ չեն մնում նրանից։ Օրինակ՝ Զարեհ Սինանյանը հայտարարում է, թե ցեղասպանության ճանաչումը բարոյական շոյվածությունից բացի մեզ ոչինչ չի տալիս։ Այնպես որ, այս իշխանություններին կարելի է բնորոշել միայն մեկ բառով՝ ապազգային։

Հ.Գ.- Անգլիացի գրող, ֆիզիկոս Չարլզ Պերսի Սնոու. «Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել»։

Այս խորագրի վերջին նյութերը