Լրահոս

07.07.2023 11:04


Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծվել է նրա բազմաշերտ լինելը

Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծվել է նրա բազմաշերտ լինելը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է նրա բազմաշերտ լինելը: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ-ից:

«Շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են միևնույն մշակույթի կրողները: Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11000 տարեկան հայկական աստղադիտական-օրացուցային-կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,-ասաց Հայկ Մալխասյանը:

Ստացված արդյունքները կարևոր, փաստացի աստղադիտական, դիտողական տվյալների հիմնարար ուղեցույց-հենք են հայկական տոմարական-օրացուցային, դիցաբանական, հնագիտական, ազգագրական, ինչպես նաև պատմական անհիշելի անցքերի ուսումնասիրությունների համար։

«Արդյունքներն առավելապես նշանակալի արձագանք են ստանում հայ գիտական հանրության, մասնավորապես, հայագիտության բնագավառով հետքրքրվող գիտնականների շրջանում: Այս ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մի հոդված՝ «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument», արժանացել է մրցանակի հայագիտության ոլորտում տպագրված հոդվածների մրցույթում»,-ասաց Հայկ Մալխասյանը։

Հետազոտության հիմնական արդյունքները տպագրվել են «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» (ComBAO) գրախոսվող գիտական պարբերականում (անգլերեն), Վենետիկի «Բազմավէպ» գիտական պարբերականում, ինչպես նաև միջազգային որոշ գիտաժողովների նյութերում:

Ուսումնասիրությունները կատարվել են Բյուրականի աստղաադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը