Աշխարհ

07.07.2023 13:40


Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել

Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Washington Post պարբերականից։

Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։

Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն կտևի մեկ շաբաթ։ Անցյալ տարի «Սան Ֆերմին» փառատոնի ընթացքում Պամպլոնա է այցելել 1,7 միլիոն մարդ։ Այս տարի կանխատեսում են զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, քանի որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները չեղարկվել են։

Հուլիսի 7-ի վազքը նախատեսված ութից առաջինն էր։ Օրվա մնացած մասի ընթացքում փառատոնի այցելուները ուտում են, խմում և մշակութային միջոցառումների մասնակցում։

«Սան Ֆերմին» փառատոնը հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի 1926 թ․-ի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպից։

The Washington Post-ը հիշեցնում է, որ 1910 թ․-ից ի վեր ցլերի հետ վազքի ընթացքում 16 մարդ է մահացել, որոնցից ամենավերջինը՝ 2009 թ․-ին։

Առավոտյան վազող ցլերը սովորաբար ցերեկը սպանվում են պրոֆեսիոնալ ցլամարտիկների կողմից։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները սովորաբար փառատոնի դեմ ակցիաներ են կազմակերպում։

Այս խորագրի վերջին նյութերը