Տնտեսական

10.07.2023 10:33


Ֆինանսական հոսքերի աճը գրեթե դադարել է

Ֆինանսական հոսքերի աճը գրեթե դադարել է

168․am-ը գրում է․ Ակտիվ ներհոսքի արդյունքում՝ նախորդ և այս տարվա սկզբին Ռուսաստանից հսկայական գումարներ եկան Հայաստան։ Ֆինանսական հոսքերն արտերկրից այսօր էլ շարունակում են մեծ լինել, սակայն վերջին շրջանում նախկին բարձր աճերն այլևս չկան, դրանք գրեթե դադարել են։ Սկսել է արտահայտվել նախորդ տարվա բազային էֆեկտի ազդեցությունը։

Այդ միտումը նկատվեց ապրիլին, սակայն խորացել է հատկապես մայիսին։

Կենտրոնական բանկի տվյալներով, մայիսին բանկային համակարգի միջոցով մասնավոր փոխանցումները Հայաստան կազմել են 435,4 մլն դոլար։

Սա 27 միլիոնով պակաս է, քան ապրիլին էր։

Մայիսին ապրիլի համեմատ նվազել են հատկապես Ռուսաստանից կատարվող փոխանցումները։

Եթե ապրիլին այդ երկրից ստացվել էր ավելի քան 326 միլիոն, ապա մայիսին ստացվել է 287 միլիոն՝ 39 միլիոնով քիչ։

Այլևս չկա նախկին բարձր աճը նաև նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվա մայիսին Հայաստան փոխանցված տրանսֆերտները կազմել էին 412,1 մլն դոլար, այս տարի կազմել են 435,4 միլիոն։

Ավելացել են ընդամենը 23,3 միլիոնով կամ 5,6 տոկոսով։

Դա էլ գերազանցապես Ռուսաստանից կատարված փոխանցումների հաշվին։ Չնայած Ռուսաստանից ստացված տրանսֆերտների նախկին բարձր աճերը չկան։

Մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, մասնավոր փոխանցումներն այդ երկրից ավելացել են ընդամենը 20,8 մլն դոլարով կամ 7,8 տոկոսով։

Պատկերացնելու համար ասենք, որ մարտին անցնում էին 2,9 անգամից, իսկ փետրվարին՝ գերազանցում էին 7 անգամը։

Այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից փոխանցվող գումարների պարագայում նույնիսկ անկում ունենք։

Մայիսին ԱՄՆ-ից ստացվել է 56,6 միլիոն։ Նախորդ տարի ստացվել էր գրեթե 1 միլիոնով ավելի շատ գումար։

Մայիսին կտրուկ փոխվել է հատկապես արտահոսքի պատկերը։ Հայաստանից գումարների փոխանցումը դուրս մեծապես ավելացել է։ Ֆինանսական միջոցների արտահոսքն այդ ամսին կազմել է գրեթե 388 մլն դոլար։

Սա շուրջ 245 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։ Մի բան, ինչը նշանակում է, որ դրսից եկած գումարների մեծ մասը հետ է գնում Հայաստանից։

Դրանք բանկային համակարգի միջոցով տեղափոխվում են այլ երկրներ կամ ֆինանսավորում արտաքին առևտուրը, մասնավորապես՝ ներմուծումները, որոնք հետո վերարտահանվում են։

Մայիսին կտրուկ ավելացել են Ռուսաստան արտահոսած գումարները։ Մինչև վերջերս դրանք շոշափելի չէին՝ հատկապես այդ երկրից կատարված հսկայական փոխանցումների ֆոնին։ Մայիսին պատկերը փոխվել է։ Ռուսաստան է փոխանցվել ավելի քան 117 մլն դոլար։

Սա ռուս-ուկրաինական հակամարտությունից և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ ամենախոշոր գումարն է, որը տրանսֆերտների կամ ֆիզիկական անձանց միջոցով Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Մինչ այդ, ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր մարտին, որը, սակայն, անհամեմատ ավելի քիչ էր՝ 77 մլն դոլար։

Մայիսին Ռուսաստան 2,6 անգամ ավելի շատ գումար է գնացել, քան ապրիլին, գրեթե 4,9 անգամ ավելի, քան անցած տարի։

Ռուսաստան փոխանցված գումարների նման բարձր ակտիվությունը կարո՞ղ է արդյոք նշանակել, որ այդ երկրից Հայաստան տեղափոխված փողը սկսել է հետ վերադառնալ։

Արտաքուստ այդպես է։ Բայց սրա տակ կարող են նաև այլ երևույթներ թաքնված լինել, այդ թվում՝ արտաքին առևտրի ֆինանսավորման հետ կապված։

Հայտնի է, որ Հայաստանի միջոցով մատակարարումներ են իրականացվում ոչ միայն Ռուսաստան, այլև Ռուսաստանից վերարտահանումներ են կատարվում այլ երկրներ։ Այդպիսի ապրանքներից մեկն էլ, թերևս, թանկարժեք մետաղներն ու քարերն են, որոնց կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կտրուկ ավելացել էր։ Այս տարվա սկզբին այդ ապրանքների արտահանումը գերազանցել է նույնիսկ մետաղների և այլ հանքանյութերի արտահանմանը՝ վերարտահանումների արդյունքում։

Չի բացառվում, որ Ռուսաստան կատարված տրանսֆերտային փոխանցումների նկատված ակտիվությունն այդ երկրից վերարտահանման համար ներմուծումները ֆինանսավորելու նպատակով է իրականացվել։ Բայց դրա մասին ավելի հանգամանալից հնարավոր կլինի խոսել հետագայում։

Ֆինանսական միջոցների ներհոսքի դանդաղելու և արտահոսքի ակտիվացման հետևանքով մայիսին կտրուկ նվազել է այս շարժերի արդյունքում Հայաստանում մնացած գումարը։ Այն կազմել է ընդամենը 47,5 մլն դոլար։ Ապրիլին՝ 166,5 միլիոն էր, փետրվարին՝ 332 միլիոն, հունվարին՝ 172 միլիոն։ Միայն մարտին էր համեմատաբար քիչ եղել, բայց դարձյալ ավելի շատ գումար էր մնացել Հայաստանում, քան մայիսին։

Նախորդ տարվա համեմատ էլ տրանսֆերտների զուտ հոսքը մայիսին նվազել է 221 մլն դոլարով։

Անցած տարի կազմել էր 269 միլիոն, այս տարի եղել է ընդամենը 47 միլիոն։

Եթե արտառոց իրադարձություններ տեղի չունենան, ապա ֆինանսական փոխանցումների շուկայում ապրիլ-մայիսին նկատված շարժերն առաջիկայում ավելի ակնառու կդառնան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս չենք հասել նախորդ տարվա պիկին, երբ ամեն ամիս Հայաստան էր մտնում 500-600 միլիոն դոլար, երբեմն՝ նաև ավելի շատ, ու կրկին՝ հիմնականում Ռուսաստանից։

Այս տարի էլ, ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջվա համեմատ դրսից մեծ գումարներ են գալիս, բայց ամսվա կտրվածքով՝ այլևս նախորդ տարվա բարձր աճը չկա։

Ենթադրվում է, որ առաջիկայում նույնիսկ նվազում կունենանք։ Մուտքերը կշարունակեն բարձր լինել, բայց աստիճանաբար կսկսեն կրճատվել նախորդ տարվա նկատմամբ։

Վերջին երկու ամիսների դրսևորումներից հետո, արդեն չկան այն եռակի-քառակի և ավելի բարձր աճերը, որոնք տեսնում էինք տարեսկզբին։

Հինգ ամիսների տվյալներով, դրսից ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 2 մլրդ 480 մլն դոլար, ինչը 1,9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Հիմնական գումարները եկել են Ռուսաստանից՝ 2 մլրդ 480 միլիոնից՝ շուրջ 1 միլիարդ 833 միլիոնը։ Ակնհայտ է, որ այս տարվա սկզբին էլ տրանսֆերտային հոսքերը դեպի Հայաստան և հատկապես Ռուսաստանից՝ բարձր են, բայց աճը գնալով դանդաղում է։ Առաջին եռամսյակում տրանսֆերտները նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել էին 2,8 անգամով, հինգ ամիսների արդյունքներով՝ այլևս 1,9 անգամով են գերազանցում։

Այս խորագրի վերջին նյութերը