Քաղաքական

13.07.2023 23:10


Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը (լրացված)

Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը (լրացված)

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները ճշտվում են։

***

Ֆեյսբուքյան էջում արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրել է․

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»։

Նաև տեղեկացրել է, որ Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

Այդ հոդվածով սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

***

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել են նաև Վիտալի Բալասանյանի որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:

40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։

***

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է․

ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր Դատախազությունը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի որդու մեղադրանքին:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023թ. հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը