Քաղաքական

16.07.2023 19:06


Մարդու իրավունքները Հայաստանում. 2023թ. արտահերթ զեկույց

Մարդու իրավունքները Հայաստանում. 2023թ. արտահերթ զեկույց

Նախաբան

2022 թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը շարունակվում է։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը, Ադրբեջանի հակաիրավական գործողություններն ուղղված են ճիշտ հակառակին։ Պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տալով՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ամբողջությամբ դադարեցնելով անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, խոչընդոտելով անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Արցախի բնակչությունը և իշխանությունները ահազանգում են ամբողջական շրջափակման շարունակման պարագայում սովի և վերահաս հումանիտար աղետի մասին։ Զուգահեռաբար, Հայաստանում հասարակական, քաղաքական տարբեր գործիչների և քաղաքացիների կողմից պարբերաբար կազմակերպվում են Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցեր, շարժումներ, որոնք մնում են անպատասխան թե միջազգային հանրության, թե ՀՀ իշխանությունների կողմից։

Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում շարունակում են չլուծված մնալ անվտանգության բազմաթիվ խնդիրները։ Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհվեցին 15 զինծառայող, ինչն առաջացրեց հասարակության լայն շերտերի զայրույթը։ Մայիսի 26-ին ադրբեջանական զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և առևանգցին մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, որոնց Սումգայիթում ցուցադրական դատավարությամբ դատապարտեցին 11 տարվա և 6 ամսվա ազատազրկման։

Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում շարունակում են աճել Հայաստանում հետպատերազմյան շրջանում տարեցտարի ուժգնացող քաղաքական հետապնդումները, իրավապահների կողմից բռնությունները, դատական իշխանության յուրացումը և մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքը։

2023 թ․ առաջին կիսամյակում տեղի ունեցած խոշտանգումների, քաղաքացիների և փաստաբանների նկատմամբ բռնությունների, դեպքերի ինտենսիվությունը ուղեկցվում է անպատժելիության և հովանավորչության նոր դրսևորումներով, որի պատճառով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն անհրաժեշտ է համարում հրապարակել սույն արտահերթ զեկույցը։

Դատական համակարգ

2023 թ․-ին շարունակվեցին գործադիր իշխանությանը ոչ ցանկալի դատավորների նկատմամբ հետապնդումները և հեռացումները։ Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Կարգապահության վարույթը, որը հարուցվել էր ՀՀ Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա, կապված էր Զ․ Նախշքարյանի կողմից արված մեկնաբանություններին՝ դատավոր Աննա Փիլոսյանի դեմ իրականացված վարույթի վերաբերյալ։ Նախկին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին 2022 թ․ դեկտեմբերին՝ քաղաքացիական 4 գործերով վճռների հրապարակումը ուշացնելու համար։ Զ․ Նախշքարյանը պաշտպանել էր Ա․ Փիլոսյանին, նշելով, որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Արդարադատության նախարարության պնդմամբ Զ․ Նախշքարյանը թույլ էր տվել դատավորի վարքագծի խախտում՝ գրառման մեջ հետևյալ միտքը ներառելով․ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք» ։

Հունիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերը հրապարակել էր հոդված, որտեղ նկարագրված էր ԲԴԽ նախագահ Կ․ Անդրեասյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների մի մասի հետ փակ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցի՝ փակ հանդիպման ընթացքում Կ․ Անդրեասյանը դատավորներին բաժանել է քվեաթերթիկներ և առաջարկել ընտրել դատարանի «ստվերային նախագահ», որպես ցանկալի թեկնածու ունենալով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Բացի Ռ․ Մխիթարյանից և դատավոր Արմեն Դանիելյանից, բոլոր դատավորները, ըստ հրապարակման, մերժել էին առաջարկը և չէին մասնակցել քվեարկությանը։ Հետագայում Factor TV լրատվամիջոցի լրագրողները փորձել էին հոդվածում հիշատակված դատավորներից մեկնաբանություններ ստանալ, սակայն դատավորները խուսափել էին խոսելուց՝ առանց հերքելու հանդիպման փաստը ։

Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա հունիսի 13-ին ԲԴԽ-ում ևս մեկ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ այս անգամ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Պատճառը ապրիլի 7-ին անցկացված դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ Դ․ Հարությունյանի հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս քննադատել էր ԲԴԽ-ին՝ կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու համար, թերահավատություն հայտնելով ԲԴԽ անաչառությանը, հաշվի առնելով, որ խորհրդի որոշումները կայացվում են բացարձակ կոնսենսուսով։ Դ․ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 3-ին՝ դռնբաց դատական նիստում, որին լրագրողներին թույլ չտվեցին ներկա գտնվել։

2023 թ․ հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը ընդունեց հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Ի թիվս այլ նկատառումների, հայտարարության մեջ քննադատվել էր ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից՝ առանց վերջիններիս ընտրության հիմքերը բացահայտելու, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանց նշանակումը քաղաքականապես մոտիվացված է եղել։ Անդրադարձը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, որն ընտրվելուց անմիջապես առաջ զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնը։

Կ․ Անդրեասյանը, մինչև ԲԴԽ կազմ և նախագահ ընտրվելը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կ․ Անդրեասյանը հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում 2021 թ․-ին՝ երբ մեկնաբանել էր իր աշխատասենյակի պատից վարչապետ Ն․ Փաշինյանի լուսանկարը փակցրած լինելը, ասելով

«Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարը, բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»։

Ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ

2023 թ․ առաջին կեսին արձանագրվել են ոստիկանության կողմից խոշտանգումների և բռնությունների բազմաթիվ դեպքեր, որոնցում նաև ներգրավված էին իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։

Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես։

Հունիսի 17-ին իր տանը խուզարկություն իրականացնելուց հետո ոստիկանության աշխատակիցները ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանին տեղափոխել էին Քննչական կոմիտե և խոշտանգել։ Նրա հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ իրեն ենթարկել են ծեծի, էլեկտրահարել են թաց մարմինը, սպառնացել դուրս նետել պատուհանից, որից հետո ոստիկանները ստիպել են փոխել արյունոտված հագուստը՝ դեպքը կոծկելու համար։ Ըստ Տ․ Առաքելյանի՝ Ա․ Քյարամյանը անձամբ սպառնացել է ընտանիքին, ասելով, որ կնոջը և երեխային այլևս չի տեսնի, իր ընտանիքը վերացնելու են։ Քննչական կոմիտեն շտապեց հերքել տեղեկությունները, հայտնելով, որ Տ․ Առաքելյանը մեղադրվում է «շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավոր տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար», առանց նշելու, թե ում։

Նկարագրված բռնությունների մասնակիցներից քննչական գործողություններ են իրականացվել միայն Արսեն Ղայթմազյանի դեմ՝ ծեծի տեսանյութի տարածումից հետո։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս խոշտանգման հիմքով կայացվել է ընդամենը երկու մեղադրական դատավճիռ (Գործերը վերաբերում են 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված, այնուհետև, ըստ պաշտոնական վարկաշի ինքնսպան եղած Արմեն Աղաջանյանի, ինչպես նաև 2019 թ․ ոստիկանական մեքենայում Հ․ և Ն․ Առաքելյան եղբայրներին խոշտանգելու դեպքերին), սակայն դրանք չեն տարածվել ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

Բացի նկարագրված դեպքերից, բռնություններ են կիրառվել ոստիկանների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Երևանի ակումբներում կատարած գործողությունների ընթացքում։ Ապրիլի 23-ին «Պոլիգրաֆ» ակումբում նման գործողություն կատարելու ընթացքում, ըստ ակումբներում գտնվողների, ոստիկանության զինված ծառայողները հաճախորդներն ծեծել են, ծաղրել, հայհոյել, իսկ բերման ենթարկելուց հետո մի քանի ժամ պահել բաժնում։

Բռնություններ փաստաբանների նկատմամբ

2023 թ․ ոստիկանության բռնությունների զոհ են դարձել նաև փաստաբաններ։ Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել էին ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին։

Հունիսի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։ Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։

2023 թ․ փաստաբանների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և վիրավորանքների դեպքերի առնչությամբ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը ՀՀ նախագահին ուղղված նամակներում խորը մտահոգություն էր հայտնել և կոչ արել հետամուտ լինել միջադեպերի ամբողջական և անկողմնակալ քննությանը։ Ոստիկանության բաժիններում բռնությունների և խոշտանգումների դեպքերը, ներառյալ՝ փաստաբանների նկատմամբ աննախադեպ բռնությունները դատապարտվել են մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։ Փաստաբանների նկատմամբ բռնություններին արձագանքել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ սկսելով քննարկման ընթացակարգ։ Հունիսի 26-ին՝ խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը, փաստաբանական համայնքը, որպես բողոքի նշան, հայտարարել էր մեկօրյա գործադուլ։

Ոստիկանության բաժիններում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հատկանշական է այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռևս անցած տարի որոշել էր հեռացնել տեսախցիկները, որոնք ԵՄ ֆինանսավորմամբ տեղադրվել էին ոստիկանության բաժիններում, ներառյալ՝ հարցաքննության սենյակներում։

Քաղաքական հետապնդումներ

Հայաստանում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ։ Նախորդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործիչների նկատամբ քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը գտնվում են ընթացքի մեջ, բացառությամբ Իգոր Խաչատուրովի դեպքի։

Գրիգորի Խաչատուրով

2023 թ․ փետրվարի 21-ին ձերբակալվեց, իսկ մայիսի 16-ին՝ կալանավորվեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Իրադարձություններին նախորդել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը ԱԺ-ում՝ քրեական հետապնդում հարուցել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որը կապված էր 14 տարի առաջ ՊՆ-ին պատկանող հողատարածքի օտարման գործի հետ։ Ըստ դատախազության՝ հողատարածքը փաստացի վաճառվել էր Գ․ Խաչատուրովին, որն այն գրավադրել էր 18 միլիոն դրամով և այդպիսով իրականացրել «փողերի լվացում»:

Ըստ Գ․ Խաչատուրովի պաշտպանների՝ Գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկություններում առկա են եղել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, իսկ գործով անցնող որևէ այլ անձ կալանավորված չէ։

Մինչև 2022 թ․-ին Գլխավոր դատախազ նշանակվելը, Աննա Վարդապետյանը զբաղեցրել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ինչպես պարզվել էր համացանցում արտահոսած տեսանյութից՝ պաշտոնավարման ընթացքում Ա․ Վարդապետյանը խմբագրել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռ․ Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին քրեական գործով մեղադրյալ ներգրավելու որոշումը։

Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին դեռևս 2018 թ․ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Նրա հոր՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու «որոշման» վերաբերյալ աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսումից պարզվել էր, որ անձամբ Ն․ Փաշինյանն է կարգադրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ կալանավորել գեներալին։ 2022 թ․ մայիսին անցկացվող ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորվել էր Յ․ Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրում էին ոստիկանին նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրանքը հիմնված էր նույն ոստիկանի ցուցմունքի վրա։ Մոտ մեկ տարի տևած քրեական հետապնդումից հետո Ի․ Խաչատուրովը արդարացվեց։

Արմեն Աշոտյան

Հունիսի 15-ին ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց Կրթության, գիտության նախկին նախարար, Արմեն Աշոտյանը։ Ա․ Աշոտյանը մեղադրվում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Ընդդիմադիր Ա․ Աշոտյանին, որը նաև ՀՀԿ փոխնախագահն է, մեղադրանքը առաջադրվել էր դեռևս 2022 թ․ նոյեմբերին, խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Ըստ մեղադրանքի՝ 2015 թ․-ին Ա․ Աշոտյանը դրդել էր ռեկտոր Միքայել Նարիմանյանին համալսարանի անունից ձեռք բերել բնակարաններ Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրից։ Քննչական կոմիտեն պնդում էր, որ Ա․ Աշոտյանը գործի քննության ընթացքում փորձել էր վկաներին և մեղադրյալներին առաջարկել իր փաստաբանների ծառայությունները՝ գործի ընթացքի վրա ազդելու համար, որի պատճառով միջնորդել էին նրան կալանավորել։

Կալանավորումից հետո Ա․ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մի շարք տեղեկություններ էր ներկայացրել գործի վերաբերյալ, մասնավորապես այն, որ բժշկական համալսարանի անունից ձեռք բերված բնակարանները մինչ այժմ գտնվում են համալսարանի հաշվեկշռում, իսկ դրանց շուկայական արժեքը անգամ ավելացել է։ Ըստ պաշտպանի՝ գործի հանգամանքները բացառում են ինչպես փողերի լվացման, այնպես էլ մյուս մեղադրանքների իրավաչափությունը։

Միջադեպեր պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ

Նկարագրված բռնությունների և հետապնդումների համատեքստում առավել է ընդգծվում մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքի մի շարք արձանագրված դեպքեր, որոնք տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։

Ապրիլի 2-ն Կասկադ համալիրում սփյուռքահայ Կարեն Մկրտչյանը, տեսնելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան անվանել էր «դավաճան»։ ԱԺ նախագահի թիկնապահները անմիջապես անշարժացրել էին Մկրտչյանին, որից հետո Ա․ Սիմոնյանը հայհոյել և թքել էր նրա դեմքին։ Հանրության լայն շերտերի վրդովվմունքը առաջացրած արարքի համար Ալեն Սիմոնյանը այդպես էլ Կ․ Մկրտչյանից ներողություն չխնդրեց, փոխարենը իր ֆեյսբուքյան հաշվում կատարած գրառմամբ հայտնեց, որ ցավում է վիրավորանքի պատճառով հունից դուրս գալու համար և միջադեպի կապակցությամբ ներողություն է խնդրում ՀՀ քաղաքացիներից (Կ․ Մկրտչյանը Կանադայի քաղաքացի է)։

Ապրիլի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ տեսնելով Նիկոլ Փաշինյանին, քաղաքացին նրան անվանել էր «դավաճան, որից հետո բերման էր ենթարկվել։ Սամվել Վարդանյանի բերման ենթարկելը ոստիկանությունը պատճառաբանել է սառը զենք կրելու կասկածով։ Միջադեպից հետո Ս․ Վարդանյանին, որը հյուրանոցի ադմինիստրատոր էր աշխատում, գործատուն հեռացրել է աշխատանքից, ըստ Վարդանյանի՝ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու մտահոգությունից դրդված։

Սույն զեկույցի պատրաստման ընթացքում արձանագրվեց ևս մեկ համանման դեպք։ Հուլիսի 3-ին Երևանի Անգլիական այգու տարածքից ձերբակալվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը։ Դ․ Ավետիսյանը, տեսնելով վարչապետ Ն․ Փաշինյանին, «դավաճան» և «վիժվածք» էր անվանել նրան, ինչը ոստիկանությունը գնահատել էր որպես խուլիգանություն և Ավետիսյանին երկու օր պահել անազատության մեջ։ Վերջինիս նկատմամբ այժմ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հիմքով։

2023 թ․ առավել աղմկահարույց իրադարձություններից էր 2020 թ․ Արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ «Որդիների կանչ» ՀԿ անդամները, որոնց մեջ էր նաև Գ․ Հակոբյանը, մայիսի 17-ին Վարչական դատարանի հարակից տարածքում տեսել էին Ա․ Փաշինյանին, որից հետո Գ․ Հակոբյանը նրան առաջարկել էր նստել իր ավտոմեքենան և գնալ Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ըստ Փաշինյանի՝ որոշ ժամանակ անց ցանկացել էր մեքենայից դուրս գալ, սակայն Գ․ Հակոբյանը չէր կանգնեցրել։ Այնուհետև Փաշինյանը դուրս էր նետվել ավտոմեքենայից և հայտնել իրավապահներին միջադեպի մասին։ Կարճ ժամանակ անց Գ․ Հակոբյանին և զոհված զինծառայողների երկու այլ ծնողների ոստիկանները բերման էին ենթարկել։ Մայիսի 20-ին Գ․ Հակոբյանը կալանավորվել էր՝ մեղադրվելով վարչապետի որդու առևանգման մեջ։ Միջադեպը գրավել էր մեծ հանրային ուշադրություն, տեղի են ունեցել բազմաթիվ հավաքներ՝ ի աջակցություն Գ․ Հակոբյանի։

Գ․ Հակոբյանի դեմ մեկ ամսից պակաս տևած քրեական ողջ գործընթացը ուղեկցվել էր բազմաթիվ վիճահարույց դրվագներով։ Ա․ Փաշինյանի և Գ․ Հակոբյանի առերեսումից հետո վերջինիս պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ վարչապետի որդին առերեսման էր եկել հոր՝ Ն․ Փաշինյանի դիմանկարը պատկերող շապիկով՝ «Նիկոլ 100%» գրությամբ։ Որպես բողոքի նշան, Գ․ Հակոբյանը հացադուլ էր հայտարարել։ Իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով Գ․ Հակոբյանը ուղերձ էր հղել «Աբովյան շ» ՔԿՀ-ից, պնդելով, որ իր նկատմամբ «բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում»։

Երկու շաբաթից ավել անազատության մեջ գտնվելուց հետո Գ․ Հակոբյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Չորս օր անց, առանց պաատճառը պարզաբանելու, Գ․ Հակոբյանը հրաժարվեց պաշտպաններից և նույն օրը դռնփակ նիստում կայացված վճռով դատապարտվեց պայմանական ազատազրկման՝ ազատ արձակվելով դահլիճից։ Ինչպես հետագայում պարզվեց՝ Գ․ Հակոբյանը ընդունել էր մեղքը և գործը անցել էր արագացված ընթացակարգով։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը