Կարծիք

20.07.2023 12:42


1994թ․, 2020թ․․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է)

1994թ․, 2020թ․․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է)

Արցախյան առաջին պատերազմի հետևանքով 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։ Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ–ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1–ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

2020–ի 44–օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9–ին։ Հաստատվեց նոր ստատուս քվո։ Հաստատվեց Մոսկվայի ակտիվ միջամտությամբ։ Նոր ստատուս քվո՝ համեմատաբար լավ պայմաններով, կարող էր հաստատվել նաև 2020–ի հոկտեմբերի 19–ին, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Եթե նրան մնար, ապա նոր ստատուս քվոն Արցախի ամբողջական վերացումը կլիներ (հիմա Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ)։

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն տվեց Մոսկվային Արցախի մի մասը պահել հայկական և ըստ այդմ հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ապահովել Արցախում։

2025–ին լրանում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը։ Եթե եռակողմ հայտարարության մասնակիցներից մեկը հայտարարի, որ դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները պետք է հեռանան։

2020–ի նոյեմբերի 9–ից էլ պարզ էր, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուս խաղաղապահները 2025–ից հետո չերկարաձգեն իրենց ներկայությունը, և Ադրբեջանը կլանի Արցախը։

Նոյեմբերի 9–ից պարզ էր նաև, որ Հայաստանը պետք է հակառակն անի, այն է՝ ձգտի խաղաղապահների ժամկետի ավելացմանը։

Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ և դավաճանական քայլն այն է, որ ինքը Ալիևի հետ միաբերան կողմ է արտահայտվում ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի չերկարացմանը։ Փաշինյանը դա անում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Մոսկվան այդ պայմաններում ստանում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մասնակիցներից երկուսի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մերժումը։ Էրդողանը հենց այդ մերժումից հետո ինքնավստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025–ից հետո պետք է լքեն Արցախը։

Եվ այսպես, տեղի է ունեցել մեծ դավաճանություն։ Փաշինյանը, հակառակ իր խոստումներին ու 2021–ի խորհրդարանական ընտրություններում ներկայացրած ծրագրին, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Արցախի պաշարումը Փաշինյան–Ալիև–Էրդողան համաձայնության արդյունք է։

Բրյուսելում և Վաշինգտոնում հայ–ադրբեջանական նոր ստատուս քվո է եփվում, որի արդյունքում թիրախավորվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Ստանում ենք անվտանգության զրո երաշխիքներ՝ զուգահեռաբար դառնալով հակառուսական ու հակաիրանական գործիք։

Ի դեպ, նոր ստատուս քվոյի համար Արևմուտքին մեղադրելը երեխայություն է։ Արևմուտքն իր շահն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողն է այլոց շահերը սպասարկում՝ անձնական շահի դիմաց։

Արցախը Փաշինյանի անձնական (նյութական) շահի առաջին զոհն է դառնում։ Հաջորդիվ Հայաստանն է։ Հետևաբար՝ Արցախի անկում թույլ չտալը գերկենսական և գոյաբանական հարց է բոլորիս համար։ Մեր խնդիրն այս փուլում 2020–ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի փոփոխություն ի վնաս Հայաստանի ու Արցախի թույլ չտալն է, ինչի կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Փաշինյանի մասնակցությամբ նոր ստատուս քվոն մահաբեր կլինի մեր երկրի համար։

Հ․Գ․։ Ստորության և դավաճանության գագաթնակետն է այն մտածողությունը, թե բա՝ Արցախը հանձնելու և 120 հազարին սրի տալու գնով կարելի է Հայաստանը պահել։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը