Քաղաքական

25.07.2023 09:57


ՔՊ-ական պատգամավորը նույն օրը 2 բնակարան է գնել․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորը նույն օրը 2 բնակարան է գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։

Բացի այդ, նա Ավանում եւս մեկ բնակարան ունի, որը նա գնել էր դեռ 2017 թվականին, եւ Եղեգնաձոր քաղաքում ունի հողամաս։ Արդեն 2022 թվականի ապրիլի 25-ին նա գնել է 2021 թվականի արտադրության Wolkswagen մակնիշի ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորն այդ ավտոմեքենան գնել է 17 մլն 860 հազար դրամով «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից։

Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1500 եվրո, 18 հազար դոլար եւ 1 մլն 300 հազար դրամից ավելի գումար։ Իսկ, ահա, նրա կանխիկ դրամը կազմել է 7 մլն 195 հազար դրամ, 253 հազար ռուբլի, 4 մլն 468 հազար դրամ, 7 400 դոլար, 8560 եվրո։ Մեկ տարվա ընթացքում նա 51 մլն դրամ է վաստակել, որից 7 մլն դրամը նրա աշխատավարձն է, 73 000 եվրոյի եւ 23 մլն դրամ եկամուտի աղբյուրները նշված չեն, իսկ 6 մլն դրամ էլ ստացել է գույքը օտարելուց։ Խոսքն ավտոկայանատեղիի մասին է, որը նա վաճառել է։

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր եւ ազատվել էր աշխատանքից մի աղմկահարույց պատմությունից հետո։ Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո:

Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը»:

Այս խորագրի վերջին նյութերը