Լրահոս

25.07.2023 11:35


Կրթական համակարգը գլորում են դեպի անդունդ․ «Փաստ»

Կրթական համակարգը գլորում են դեպի անդունդ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ հայտարարում են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին, բայց գիտակրթական համակարգի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Ավելին, ժամանակի ընթացքում նոր համակարգային խնդիրներ են նշմարվում։ Օրինակ՝ տարեցտարի ավելի քիչ դիմորդներ են դիմում ընդունելության համար։ Այդ է պատճառը, որ Հայաստանի բուհերում ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներով թափուր է 8764 վճարովի և 350 անվճար տեղ։ Այս պատկերը նախ վկայում է այն մասին, որ Հայաստանը լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի, դրա արդյունքում էլ դիմորդների թիվը նվազել է։ Էապես նվազել է նաև դպրոցների աշակերտների թիվը, ինչը ցույց է տալիս, որ դիմորդների թվի հետ կապված խնդիրները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին։

Օրինակ` Սյունիքի մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ։ Եթե Հայաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի բնակչության աճը խթանելու և արտագաղթի տեմպերը նվազեցնելու ուղղությամբ, ապա ժողովրդագրական ճգնաժամի բացասական ազդեցությունը կարող է ավելի ուժեղանալ, ինչի արդյունքում աշխատաշուկան ևս տուժելու է, քանի որ չեն լինի անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ բուհերում ընդունելության անցողիկ միավորների շեմը իջել է, և թուլացել մրցակցությունը։ Այսինքն՝ գիտելիքների ոչ անհրաժեշտ պաշար ունենալով հանդերձ, դիմորդները կարող են ակնկալիք ունենալ, որ բուհեր կընդունվեն, քանի որ բուհերն իրենց գոյությունը պահպանելու համար շահագրգռված են, որ թափուր տեղերը քիչ լինեն։ Եթե մրցակցություն և որակ չի ապահովվում, ապա բուհում սովորող ուսանողի հետագա մասնագիտացումը լինելու է ոչ բավարար մակարդակի վրա, ինչի արդյունքում էլ որակյալ մասնագետների կարիքն ավելի խորն է զգացվելու։

Մյուս կողմից էլ՝ երիտասարդների շրջանում նվազել է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Շատերը պարզապես չունեն մոտիվացիա, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հայտնվել ամենաբարձր պաշտոններում։ Ավելին, ներկա իշխանությունների կադրային քաղաքականության մեջ կրթության գործոնն ընդհանրապես երկրորդական է։ Մյուս լուրջ խնդիրն այն է, որ կրթական համակարգը համապատասխանեցված չէ այսօրվա աշխատաշուկայի պահանջներին։ Այդ է պատճառը, որ շատ մարդիկ տարիներով սովորում են բուհերում, սակայն հետագայում աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Իսկ եթե բուհեր ավարտած անձինք ցանկանում են աշխատանքի անցնել, ապա լրացուցիչ դասընթացներ անցնելու անհրաժեշտություն է լինում։ Չի գործում բուհական համակարգի, պետական համակարգի ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը և հետադարձ կապը։

Իսկ գիտակրթական ոլորտի մակարդակը բարձրացնելու համար համապատասխան քայլեր ու ոլորտում ներդրումներ կատարելու փոխարեն իշխանությունները քանդում են նույնիսկ եղած համակարգը ու փորձում իբր ամեն ինչ սկսել իրենց, այսինքն՝ «զրոյական կետից»: Ընդհանրապես կրթական ոլորտում փոփոխությունները պետք է կատարել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից և կտրուկ շրջադարձերի միջոցով։ Օրինակ՝ իշխանությունները նախաձեռնել են մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը, որի մեջ պետք է ընդգրկված լինի ընդամենը 8 բուհ, ինչը նշանակում է, որ մի շարք բուհեր ուղղակի պետք է դադարեն գոյություն ունենալուց, իսկ որոշներն էլ արհեստականորեն միավորվեն։ Բայց ակադեմիական քաղաքի ստեղծման ու կրթության որակի բարելավման մասին խոսելու հետ մեկտեղ իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում ազգային արժեհամակարգը թուլացնելու և կրթությունն արժեզրկելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ ֆինանսական առումով կրթության և գիտության ոլորտները դադարել են գրավիչ լինել։ Կառավարությունը բազմաթիվ պահանջներ է դնում ոլորտի ներկայացուցիչների առաջ, սակայն ներդրում չի կատարում, որ այդ մասնագետներն ավելի խորացնեն իրենց մասնագիտացումը։ Արդյունքում բարձր մասնագիտացում ունեցող անձինք կորցնում են հետաքրքրությունը ՀՀ կրթության ու գիտության ոլորտում խորանալու նկատմամբ։ Ուսուցիչներն ու գիտնականները մնում են անտեսված, շատ քիչ աշխատավարձ են ստանում՝ ի հակադրություն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք պատահականության շնորհիվ ստացել են մանդատներ ու պաշտոններ և վայելում են իրենց բարձր աշխատավարձերը, պարգևավճարները և գործուղումները։ Իսկ մինչ այդ կրթական համակարգը գահավիժում է դեպի անդունդ»:

Այս խորագրի վերջին նյութերը