Աշխարհ

01.08.2023 18:15


Օգոստոսին 2 հազվագյուտ գերլուսին կդիտարկվի․ նման բան տեղի չի ունենա մինչև 2037-ը

Օգոստոսին 2 հազվագյուտ գերլուսին կդիտարկվի․ նման բան տեղի չի ունենա մինչև 2037-ը

Այս տարվա օգոստոսին հնարավոր կլինի երկու հազվագյուտ երևույթի ականատես լինել․ խոսքը երկու գերլուսնի մասին է։ NASA-ի աստղաֆիզիկոս Ֆրեդ Էսպենակի խոսքով՝ առաջին գերլուսինը տեղի կունենա օգոստոսի 1-ին, իսկ երկրորդը՝ օգոստոսի 31-ին։

Ինչպես տեղեկացնում է Huffpost-ը, նույն ամսում երկու գերլուսինները բավականին հազվադեպ են, քանի որ լուսնային փուլը տևում է մոտ 29,5 օր: Հատկապես գրավիչ տեսարան կլինի օգոստոսի 31-ին սպասվող երկրորդ գերլուսնի ժամանակ: Այս օրը Լուսինը կհասնի Երկրին իր ուղեծրի ամենամոտ կետին, որը կոչվում է պերիգե (գտնվում է մեր մոլորակից մոտ 354,027 կիլոմետր հեռավորության վրա)։

Վերջին անգամ երկու գերլուսին տեղի է ունեցել նույն ամսում 2018-ին, և մասնագետները նշում են, որ նման իրադարձություն չի կրկնվի մինչև 2037-ը: Սա էլ ավելի առանձնահատուկ ու ցանկալի է դարձնում առաջիկա երևույթը բոլոր աստղագետների և երկնային դիտարկումների սիրահարների համար։

Գերլուսինը աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ լիալուսինը կամ նորալուսինը համընկնում են մերձակետում գտնվելու հետ (երբ Լուսինը և Երկիրը հնարավորիս մոտ են գտնվում իրար, այդ կետը, ինչպես արդեն վերը նշվեց, կոչվում է պերիգե)։ Նման մոտեցումը տեղի է ունենում Լուսնի էլիպսաձև ուղեծրի պատճառով, որով այն պտտվում է Երկրի շուրջը։ Այս երջանիկ զուգադիպության արդյունքում Լուսինը գտնվում է Երկրից համեմատաբար մոտ հեռավորության վրա, և մենք կարող ենք դիտել լուսնային սկավառակի սովորականից ավելի մեծ չափեր։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը