Քաղաքական

02.08.2023 09:18


Ղարաբաղում ապրող մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ մնան որպես մեր քաղաքացիներ կամ հեռանան․ Ալիև

Ղարաբաղում ապրող մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ մնան որպես մեր քաղաքացիներ կամ հեռանան․ Ալիև

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հռչակագիրը (փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը – Euronews) իրականում չի նախատեսում տեւական խաղաղության հաստատում։ Հրադադարի մասին հռչակագիրը խաղաղության պայմանագիր չէ: Այս հայտարարությունը դե ֆակտո Հայաստանի կապիտուլիացիայի ակտ էր։ Ուստի մենք սկսեցինք Հայաստանի հետ հակամարտության վերջնական կարգավորման նախաձեռնություններ առաջ քաշել այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի չկիրառումը կամ սպառնալիքից հրաժարվելը։ Չէի ասի, որ դա շատ հարթ է ընթանում: Բայց մենք լավատեսությունը չենք կորցնում, քանի որ այժմ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս հանդիպումները թույլ են տալիս շոշափել շատ զգայուն հարցեր՝ ինչպիսի՞ն է լինելու սահմանը։ Ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դեռ որոշված ​​չէ։ Հենց Խորհրդային Միությունը փլուզվեց, մենք բախվեցինք այս ագրեսիային։ Այսպիսով, գլխավորը սահմանն է։ Ինչպիսի՞ն կլինի իրական վիճակը տեղում։ Ի՞նչ կլինի տրանսպորտային կապերի հետ: Հիշեցնեմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Հայաստանը պարտավորվել է հասանելիություն տալ մեզ դեպի մեր էքսկլավ՝ Նախիջևան։ Բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել։ Ուստի խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերի շուրջ հիմնական աշխատանքն իրականացնում են նախարարները։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումները պարզապես, ինձ թվում է, բարենպաստ ֆոն են ստեղծում։ Բայց եթե հայկական կողմից տեսնենք կառուցողական մոտեցում, և որ ամենակարևորը՝ նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր ձգտումներից, ապա մենք կկարողանանք խաղաղ լուծում գտնել շատ շուտով, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,-ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ․ «Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ։ Նկատի ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն կամ հեռանալ»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Աղբյուրը՝ 168.am

***

Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ «լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ նրանց կտրվեն անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, վարչական»,-Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիեւի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերը «կապրեն նորմալ կյանքով».

«Նրանք նաեւ կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Կարծում եմ՝ եթե ինձ լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես կանգնած եմ իմ խոսքերի հետևում»,-ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շարունակել է իր կեղծավոր շահարկումները՝ պատասխանելով նաեւ Արցախի շրջափակման մասին հարցին.

Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը «արգելափակված չէ»՝ ըստ երևույթին, աշխարհը կույր համարելով։

Ալիևի խոսքով, «ապրիլի 23-ին սահմանային անցակետի տեղադրումից հետո Ղարաբաղի ավելի քան երկու հազար բնակիչ առանց որևէ խնդրի անցել է Հայաստան և վերադարձել»։

Նա նաև մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «մաքսանենգությանը» աջակցելու համար։

«Հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանքը կատարեց և վիրավորեց մեր սահմանապահներից մեկին։ Իսկ ճանապարհը ժամանակավորապես փակվել է հետաքննության համար։ Բայց այն կրկին բացվել է։ Կարմիր Խաչը կրկին սկսել է դեղորայք տեղափոխել և տարհանել Հայաստանում բուժման կարիք ունեցող հիվանդներին։ Բայց, ցավոք, Կարմիր Խաչի բեռնատարները ստուգելիս դրանցում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել՝ ծխախոտ, այֆոն, բենզին։ Հանձնաժողովը դա ընդունեց։ Մեզ հետ շփվելիս նրանք ասացին, որ իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում... Բայց այս բեռնատարներն ունեին տարբերանշաններ (ԿԽՄԿ), վարորդների համազգեստներին իրենց տարբերանշաններն էին»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ news.am

***

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում և տարածքային պահանջներ չունի այդ երկրի նկատմամբ. այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, սակայն, որ Հայաստանից «տեղահանված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիները, հայ-ադրբեջանական կարգավորումից հետո, վերադառնալու «իրավունք ունեն» (չակերտները՝ Tert.am) :

«Իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Մենք հայերի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, թեև մինչ պատերազմը Հայաստանում «հարյուր հազարավոր ադրբեջանցիներ» (չակերտները՝ Tert.am) էին ապրում, որոնց նկատմամբ իրականացվել են «էթնիկական զտումներ» (չակերտները՝ Tert.am), «հիմնովին ոչնչացվել է նրանց մշակութային և կրոնական ժառանգությունը» (չակերտները՝ Tert.am): Սակայն մենք տարածքային պահանջներ չունենք։ Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանից «բռնի տեղահանված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիները «իրավունք ունեն» վերադառնալ այնտեղ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները և հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը