Աշխարհ

02.08.2023 15:02


Իրանը սկսել է զորավարժություններ Պարսից ծոցի վիճելի կղզիների շրջանում

Իրանը սկսել է զորավարժություններ Պարսից ծոցի վիճելի կղզիների շրջանում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի պատկանելությունը վիճարկում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս մասին տեղեկացրել է Իրանի IRNA գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին և բարձրաստիճան այլ զինվորականներ թռել են Աբու Մուսա կղզի զորավարժությունների անցկացման համար։ Ինչպես գրել է գործակալությունը, նրանց նպատակը «ԻՀՊԿ ՌԾՈւ հեղինակությունն ու մարտական պատրաստվածությունը ցուցադրելն է, անվտանգության ապահովումը Պարսից ծոցում և իրանական կղզիներում»։ Զինվորականները ժամանել են նաև Մեծ Թոմբ կղզի։ Զորավարժություններին մասնակցում են իրանական զորքերի տարբեր ստորաբաժանումներ՝ օդատիեզերական ուժերի աջակցությամբ։ Գործադրվել են նաև նոր նավեր՝ զինված 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, նշել է IRNA-ն։

Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ որոշ կղզիներում, այդ թվում Աբու Մուսայում, տեղակայվել են «Ֆաթհ» բալիստիկ հրթիռներ և «Կադիր» թևավոր հրթիռներ՝ 120 և 300 կիլոմետր հեռահարությամբ՝ համապատասխանաբար։ Ըստ գործակալության՝ զորավարժությունների ժամանակ գործադրվել են նաև հեռակառավարվող նավեր և անօդաչու թռչող սարքեր։

Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական առումով կարևոր մասում։ Դրանց պատկանելությունը վիճարկում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրանը։ Հուլիսի 17-ին իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր չէ քննարկել այդ կղզիների կարգավիճակը, քանի որ դրանք համարում է իր տարածքները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը