Քաղաքական

03.08.2023 11:49


«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին». Կարմիր խաչի մոտ բողոքի ակցիան շարունակվում է

«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին». Կարմիր խաչի մոտ բողոքի ակցիան շարունակվում է

Արցախցի ուսանողներն այսօր՝ օգոստոսի 3-ին, կրկին հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։

Նրանք վանկարկում են՝ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, որպեսզի անձամբ համոզվի, որ լավ է կամ առհասարակ ողջ է։

«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,-հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը:

***

Վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ և քաղաքացիներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերն ու ելքերը, նրանք թույլ չեն տալիս, որ աշխատակիցներին մտնեն շենք:

Ակցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ:

Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողը մոտեցավ Վերա Խաչատրյանին և ասաց․ «Ասեմ իմացեք՝ սա գեղեցիկ չէ»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ի պատասխան հայտարարեց․ «Ինչո՞ւ Հակարիի կամուրջի մոտ էլ չկային այսպիսի մարդիկ, որ ճնշում գործադրեին։ Ինչի՞ սենց ագրեսիա չէին ցուցաբերում Վագիֆին առևանգողների հանդեպ»։

Արցախցի երիտասարդները ոստիկանության աշխատակիցների հետ բանակցություններից հետո թույլ տվեցին Կարմիր Խաչի աշխատակիցներին մտնել շենք։

Նրանք համաձայնության եկան աշխատակիցների հետ՝ ներս մտնելու դեպքում պետք է ընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային։ Վերջինիս հրավիրեցին խոսելու Կարմիր Խաչի աշխատակիցների հետ։

Նշենք, որ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչից պահանջել էր, որպեսզի ապահովեն տեսազանգով կապ իր հոր հետ, ինչը չի իրականացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ցույցեր են տեղի ունենում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը