Քաղաքական

04.08.2023 09:43


Բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել. ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»

Բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել. ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից փախած, Հայաստանում իր բիզնեսը ծաղկեցնելով զբաղված Արման Հակոբջանյանը:

Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, եւս վճարել է ՔՊ ֆոնդին: Հիշեցնենք, որ վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաեւ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:

ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաեւ «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփկանատերեր Վահե եւ Վիգեն Բադալյանները, որոնցից Վիգեն Բադալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է: Նրանք, չի բացառվում, ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց պարզել, թե որ գործարարը որքան գումար է հանգանակել ՔՊ-ին: Արման Հակոբջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին, Նարեկ Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում դրամահավաքի մասին, ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել դրան, Դավիթ Երեմյանը նույնպես վստահեցրեց, որ մասնակցություն չի ունեցել այդ դրամահավաքին, իսկ Բակուր Մելքոնյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Արտակ Թովմասյանի գրասենյակից մեզ ասացին, որ մինչեւ օրվա ավարտը կպատասխանեն մեր հարցերին, բայց դեռ որեւէ արձագանք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի նրանցից, մի քանի գործարարների վրա էլ է դրված եղել, որ որեւէ կերպ մասնակցեն ՔՊ դրամահավաքին եւ գումար փոխանցեն:

Առաջիկայում մենք կհրապարակենք նաեւ մյուս նվիրատուների ցանկը»:

Այս խորագրի վերջին նյութերը