Աշխարհ

04.08.2023 20:11


Չենք կարող գտնել որևէ դեղամիջոց, որն օգնում է. Սելին Դիոնի քույրը պատմել է երգչուհու առողջական վիճակի մասին

Չենք կարող գտնել որևէ դեղամիջոց, որն օգնում է. Սելին Դիոնի քույրը պատմել է երգչուհու առողջական վիճակի մասին

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան. այս մասին Le Journal de Montreal-ին տված հարցազրույցում ասել է աստղի քույրը՝ Կլոդետ Դիոնը՝ պատմելով երգչուհու առողջական վիճակի մասին:

2022-ին կանադացի երգչուհին Instagram-ում հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։ Դրա հետևանքով նա ստիպված էր չեղարկել համաշխարհային շրջագայությունը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Կլոդետ Դիոնը մանրամասնել է, որ 55-ամյա աստղին խնամում է իրենց քույրը՝ Լինդան: Բացի այդ, Սելին Դիոնը սերտորեն համագործակցում է հազվադեպ հանդիպող հիվանդության գծով մասնագիտացած հետազոտողների հետ:

«Մենք չենք կարող գտնել որևէ դեղամիջոց, որն օգնում է, բայց հույս ունենալը կարևոր է: Անկեղծորեն կարծում եմ, որ նա հիմնականում հանգստանալու կարիք ունի։ Նա միշտ գերազանցում է, փորձում է լինել լավագույնն իր գործում: Բայց մի պահ սիրտդ ու մարմինդ փորձում են քեզ ինչ-որ բան ասել։ Կարևոր է լսել»,-նշել է քույրը:

Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը