Քաղաքական

05.08.2023 10:59


Ռուս դիվանագետն ընդամենը դա է արձանագրել․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան

Ռուս դիվանագետն ընդամենը դա է արձանագրել․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն որևէ պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Մայր Հայաստան» շարժման անդամ, նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցեցինք այս թեմայով՝ հարցնելով, թե արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է հետաձգել այդ պայմանագրի ստորագրումը․

«Կարծում եմ այդտեղ հարցը հետաձգելու մասին չէ, այլ ընդհանրապես իրականությունը արձանագրելու մասին է, որովհետև ցանկացած պայմանագիր՝ առավել ևս բարդ հակամարտության լուծմանը ուղղված պայմանագիրը, որը նպատակ ունի իրոք խաղաղություն և կայունություն հաստատել արժանապատիվ կերպով, ապա բնականաբար, շատ մանրակրկիտ և մանրամասն քննարկման ու համաձայնեցման պիտի ենթարկվի, և այստեղ տարբեր կողմերի զուտ ցանկությունների մակարդակով արտահայտությունները չեն կարող հիմք հանդիսանալ վերջնական պայմանագրի կնքման կամ համաձայնեցման համար, և կարծում եմ, որ ռուս դիվանագետը ընդամենը դա է արձանագրել, որ կան բազում խնդիրներ, որոնք դեռևս քննարկման և համաձայնեցման կարիք ունեն, և առանց դրանց ուղղակի անհնարին է խոսել որևէ խաղաղության պայմանագրի մասին, եթե իրոք այդ պայմանագիրը նպատակ ունի կայունություն և խաղաղություն հաստատելու, այլ ոչ թե մի կողմի գերակայությունը մյուսի հանդեպ»,-ասաց Աղաջանյանը։

Ձյունիկ Աղաջանյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչ խնդիրներ նկատի ունի Գոնչարը․

«Ես ենթադրում եմ, որ այդ խնդիրները չափից դուրս շատ են, և դրանց վերաբերյալ նաև մեր գործող կառավարության ղեկավարը վերջերս Եվրանյուզին տված հարցազրույցում ևս իր շեշտադրումներն արել է, որոնք վերաբերում են և՛ Հայաստանի սահմաններին, և՛ Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքներին, իսկ մեր ընկալմամբ նաև նրանց ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը և դրան համապատասխան կարգավիճակի ապահովմանը։ Այդտեղ դրանցից բխող բազում հարցեր կան՝ և՛ փախստականների վերադարձի․․․, մեր պարագայում մենք բնականաբար հայ փախստականների վերադարձի հարցեր արձանագրենք, և՛ անհամաձայնությունները, որոնք այսօր Ադրբեջանը փորձում է բարդել Հայաստանի վրա, իբրև թե ադրբեջանցի փախստականների անվան ներքո նրանց վերադարձի համար պայմաններ ստեղծելով, որը Հայաստանի պարագայում կլինի պետության վերացման համար նրա հիմքերում դրված ական։ Այսինքն՝ մենք կարող ենք բազում հարցեր դնել՝ հաղորդակցման միջոցներից սկսած, իրավական համակարգերից վերջացրած, համագործակցության սկզբունքները ներառյալ, և այդտեղ ամենակարևոր 2 հարցերը, բնականաբար, Արցախի և Հայաստանի սահմանների հարցերն են»,-պատասխանեց Աղաջանյանը։

Նրան հարցրինք՝ կա՞ միտում, որ Արևմուտքն ամեն կերպ փորձում է արագացնել այդ պայմանագրի կնքումը, իսկ Ռուսաստանը փորձում է բոլոր հարցերի հստակեցումից հետո միայն անցնել պայմանագրի կնքմանը․

«Բնական է, և Արևմուտքը նոր չէ, որ շտապողականություն է դրսևորում, որովհետև Արևմուտքի հիմնական նպատակները, որոնք են Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելը, և հակաիրանական գործողությունների համար հիմքեր ստեղծելն ու այդ գործողությունների իրականացման մեկնարկը տալը դեռևս իրականություն չեն դարձել, դրա փոխարեն նրանք շատ մեծ խնդիրների առաջ են կանգնած կապված ուկրաինական ճակատում գործողությունների հետ, և բնական է, որ այս պարագայում նրանք շտապեցնում են, որովհետև իրենց համար այդ փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի կողմից պլացդարմ դառնալու մեկնարկի սկիզբն է, իսկ Ռուսաստանին բնականաբար ձեռնտու չէ որևէ պայմանագիր, որը իր շահերին վնաս է, և այս տարածաշրջանն ուղղակի պայթեցնելու է, և հետևաբար նրանք հետամուտ են, որ եթե ինչ-որ մի բան պիտի կնքվի, ապա դա լինի հիմնավոր և կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնելով»,-պատասխանեց Աղաջանյանը։

Ռուսական կողմը նաև հայտարարել է Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու ծրագրերի վերաբերյալ։ Դիվանագետին հարցրինք, թե ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք Ռուսաստանը այդպես իր անհամաձայնությունն է հայտնում «Զանգեզուրի միջանցքին» և Սյունիքի հետ կապված Ալիևի նկրտումներին․

«Հյուպատոսարան բացելով «Զանգեզուրի միջանցքի» հարց չեն փակում, դա ընդհանրապես բավականին բարդ խնդիր է, և ցավոք սրտի այդ հարցում մեր իշխանությունները, չնայած իրենց բարձրագոչ հայտարարություններին, կարծում եմ, բոլորովին այլ հանձնառություններ ունեն, սակայն Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսարանի բացումը ևս մի դիվանագիտական ուղերձ է, որ իրենք շատ լուրջ են տրամադրված, և որևէ ցանկություն չունեն իրենց շահերը այս տարածաշրջանում զիջելու, որոնց համար այսպես ասած խաչվող հանգույց է հանդիսանում Սյունիքը իր բոլոր դրսևորումներով»,-պատասխանեց դիվանագետը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը