Աշխարհ

09.08.2023 20:29


Ի՞նչ բացասական ազդեցություն է գործում շոգը սմարթֆոնների վրա

Ի՞նչ բացասական ազդեցություն է գործում շոգը սմարթֆոնների վրա

Բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո նվազում է սմարթֆոնների և այլ գաջեթների մարտկոցների տարողությունը, որպես հետևանք՝ կրճատվում է դրանց ծառայության ժամկետը։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի կիբեռանվտանգության և թվային տեխնոլոգիաների ինստիտուտի «Տեղեկատվական անվտանգության ինտելեկտուալ համակարգերը» ամբիոնի վարիչ Շամիլ Մագոմեդովը։

«Եթե ձեր գաջեթը արդեն տաքացել է (օրինակ՝ ավտոմեքենայում, լողափին), ապա մինչ լիցքավորման դնելն անհրաժեշտ է այն պահել սենյակային ջերմաստիճանում, մի փոքր սառեցնել։ Խոսքը բնական սառեցման մասին է, այլ ոչ թե սարքը սառնարանը դնելու։ Եվ միայն դրանից հետո միացնել սնուցման լարը»,-ասել է փորձագետը։

Շոգին արժե նաև հրաժարվել լիցքավորման անլար սարքերից. դրանք ըստ էության ավելի շատ են տաքացնում սարքերը։ Այնպես որ, եթե ջերմաստիճանը սենյակում, որտեղ լիցքավորման է դրված սմարթֆոնը, 27-ից բարձր է, ավելի լավ է օգտվել սովորական լարից։

«Գաջեթների համար վտանգ են ներկայացնում նաև արևի ուղիղ ճառագայթները. բարձր ջերմաստիճանը և չափից շատ տաքանալը կարող են վնասել OLED-էկրանը և անգամ ամբողջ կորպուսը։ 60 աստիճանի դեպքում բավական է մեկ-երկու րոպեն, որպեսզի անդառնալիորեն վնասեն սմարթֆոնի էկրանը։ Իսկ նման ջերմաստիճանը միանգամայն հնարավոր է, եթե դուք, օրինակ, պատահաբար սմարթֆոնը թողնեք ավտոմեքենայի սարքերի պանելի վրա»,-նշել է Մագոմեդովը։

Շատ խիտ պատյաններից՝ սիլիկոնից կամ ամուր կտորից, շոգին նույնպես արժե հրաժարվել, որպեսզի չխախտվի օդի նորմալ փոխանակումը և բնական սառեցումը, խորհուրդ է տվել մասնագետը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը