Լրահոս

14.08.2023 14:03


«Մոտ 20 րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից»․ պատմում է վթարի ականատեսը

«Մոտ 20 րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից»․ պատմում է վթարի ականատեսը

Երեւան-Գյումրիի ավտոճանապարհին «Զիլ»-ը հանդիպակաց է դուրս եկել Արեւմտյան Հայաստանից զբոսաշրջիկներին Երեւան տեղափոխող միկրոավտուբին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դեպքի ականատեսներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Մեր զրուցակիցը Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել այլ ընկերության միջոցով, սակայն վերջին օրը անցկացրել են «Համշեն տուրի» միկրոավտուբուսի զբոսաշրջիկների հետ։ Եղել են Սուրբ Մարինե վանքում, Բասենի կամրջում։ Նրա տեղեկություններով՝ միկրոավտոբուսի ուղեւորները չորսօրյա փաթեթով էին այցելել Արեւմտյան Հայաստան։

«Սահմանը միասին անցանք, սակայն մեր ուղեւորներից մեկի մոտ տեխնիկական խնդիր էր առաջացել, իրենց միկրոավտոբուսից մոտ 10 տասը րոպե հետ ընկանք։ Ավտովթարի ականատես չենք եղել, հասել ենք, երբ դեպքն արդեն եղել էր։ «Զիլը» հանդիպակաց էր դուրս եկել միկրոավտուսի ուղղությանը եւ մխրճվել էր միկրոավտոբուսի մեջ։ Սարսափելի տեսարան էր։ Մոտ քսան րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից։ Մարմինները ճզմված վիճակում էին»,-պատմեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Այս խորագրի վերջին նյութերը