Լրահոս

18.08.2023 22:10


Աղջիկը մեզ պատմում էր, որ հայրը ոչ միայն իրեն, այլև քրոջն է բռնության ենթարկել․ ՀՕՖ տնօրեն (տեսանյութ)

Աղջիկը մեզ պատմում էր, որ հայրը ոչ միայն իրեն, այլև քրոջն է բռնության ենթարկել․ ՀՕՖ տնօրեն (տեսանյութ)

Մոր կողմից՝ երեխային կտտանքների ենթարկելու տեսանյութում երեւացող աղջիկներից մեկը մի քանի ամիս բնակություն է հաստատել է «Հայ օգնության ֆոնդում»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։

Երեխան հիմնադրամի ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ հայտնի է դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից։ Սեռական բռնության փաստը պարզվել է, երբ երբ երեխայի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։

«Այդ ժամանակ արդեն իսկ երեխաները ցերեկները «Կարիտաս» էին հաճախում, մեզ այնտեղից ասացին, որ ճիշտ կլինի երեխան տեղափոխվի մեզ մոտ, որովհետեւ բռնարարը, ճիշտ է, ընտանիքից հեռացված էր, սակայն մայրը չէր աջակցում երեխային, չի համագործակցում իրավապահ մարմինների հետ։ Մայրը հերքել էր, ասել էր՝ ամուսինս նման բան չի արել, ընտանիքիս զրկել եք կերակրողից եւ այլն։ Աղջիկը մեզ պատմում էր, որ ոչ միայն իր, այլեւ քրոջն է բռնության ենթարկել»,-ասաց նա։

Անտոնյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց երեխան կարոտել էր ընտանիքին, ցանկանում էր վերադառնալ։ Նրա խոսքով՝ դա ընդունված վարքագիծ է, որովհետեւ երեխաները կարոտում են անգամ բռնարար ընտանիքներին։ Հարցի քննարկման համար փետրվարի 2-ին հրավիրվում է ժողով, որին մասնակցում են Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ոստիկանության ներկայացուցիչները։ Հիմնադրամի դիրքորոշումը լինում է այն, որ ոչ միայն տվյալ երեխան, այլեւ մյուսները պետք է հեռացվեն այդ ընտանիքից, քանի որ այնտեղ իրենց աջակցող չկա, սակայն մյուս մարմինները, դա բավարար չեն համարում, քանի որ կասկածելի ոչինչ չէին նկատել մոր վարքագծում։

«Երեխան պատմում էր, որ բռնության պահին մայրիկը տանը չէր լինում, ինքը փորձել էր պատմել, բայց մայրը չէր հավատացել, ասել էր՝ չե՞ս ամաչում, ի՞նչ ես խոսում։ Դե շատ է լինում, որ մայրերը չեն հավատում նման բաների։ Բայց երեխան երբեք չէր ասել, որ մայրն իրենց բռնության է ենթարկել։ Մենք էլ իրենցից անադեկվատ բան չենք զգացել, ուղղակի ինքը չէր աջակցում երեխաներին, ամուսնու կողմից էր, երեխային մեղադրում էր պատմելու համար, ցանկանում էր կոծկել դեպքը։ Հետո, ամենայն հավանականությամբ, մայրը սկսել է փաստն ընդունել, հիասթափություն է ունեցել ամուսնուց, գուցե հոգական առողջության հետ որեւէ բան է կատարվել։ Պետք է հոգեբույժներն ուսումնասիրեն՝ ինչ է կատարվել հետը»,-նշեց Անտոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում եւ նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջեւ, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:

Նշենք, որ երեխաների հայրը այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։

Այս խորագրի վերջին նյութերը