Քաղաքական

20.08.2023 09:36


1.5 միլիարդ դրամ՝ ոստիկանության արտաքին ֆոնն ապահովող պարեկային ծառայությանը

1.5 միլիարդ դրամ՝ ոստիկանության արտաքին ֆոնն ապահովող պարեկային ծառայությանը

Եվ այսպես, Ներքին գործերի նախարարությունը 2023թ. պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցներից կատարել է վերաբաշխում 1,459,766.7 հազար դրամի չափով. այս գումարի մի մասը վերցրել են ոստիկանությանն անհրաժեշտ մեքենաների գնման համար նախատեսված գումարից՝ առանց հիմնավորելու, թե այդ դեպքում մեքենաների համար անհրաժեշտ գումարը որտեղի՞ց են հայթայթելու։

Գումարի մյուս մասը վերցրել են անհրաժեշտ վարչական սարքավորումների համար բյուջեով հատկացված գումարից՝ դարձյալ չնշելով, թե այդ դեպքում վարչական սարքավորումներն ի՞նչ գումարով են գնելու։

1.5 միլիարդ դրամի մեջ է ներառված նաև նոր ձեռք բերվելիք մեքենաների («Շկոդա Սուպեր» և «Շկոդա Կոդիակ») ԱՊՊԱ-ի համար անհրաժեշտ գումարը՝ 110 միլիոն դրամը, ինչին, ի դեպ, առարկել է ֆինանսների նախարարությունը՝ շեշտելով, որ այս դեպքում անհասկանալի է ձեռք բերվող մեքենաների ապահովագրման համար գումարի տրամադրման հրատապությունը, լրացուցիչ գումարի անհրաժեշտությունը կամ ծախսերը ամբողջությամբ չբյուջետավորելու պատճառները։

Չնայած ֆինանսների նախարարության այս ու այլ ծավալուն առարկություններին, չնայած այն հանգամանքին, որ պետական բյուջով նախատեսված գումարներն ավելանալու կամ չծախսվելու դեպքում ենթակա են վերադարձման պետական բյուջե, Ներքին գործերի նախարարությունը մնացել է անդրդրվելի և 1.5 միլիարդ դրամն ուղղել է պարեկային ծառայությանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը