Քաղաքական

22.08.2023 16:09


«Թշնամին կես ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, գյուղի բնակիչները լսել են. գյուղը սահմանամերձի կարգավիճակ չունի». Ախպրաձորի գյուղապետ

«Թշնամին կես ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, գյուղի բնակիչները լսել են. գյուղը սահմանամերձի կարգավիճակ չունի». Ախպրաձորի գյուղապետ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Տեղեկությունը տարածել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Օգոստոսի 19-ին էլ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակ էր արձակվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

168.am–ի հետ զրույցում Ախպրաձորի գյուղապետ Լավրենտ Ղազարյանն ասաց, որ օգոստոսի 19-ի կրակոցների ձայները գյուղում լսելի չեն եղել, իսկ երեկ մոտ կես ժամ գյուղում լսել են այդ կրակոցների ձայները։

«Թշնամին կես ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, դրանք գյուղի բնակիչները լսել են։ Դե չասեմ, որ ահաբեկվել են, բայց դե, փոքր երեխաներ կան, կանայք, վախեցել են։ Բայց այս մարդիկ ի՞նչ կարող են անել, իրենց հողը հո չե՞ն թողնելու՝ այլ տեղ գնան»,-նշեց Լավրենտ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը նորմալ է, բնակիչները խոտ են հնձում, մի քանի օր հետո էլ կսկսեն ցորեն ու գարի հավաքել։

«Մեր գյուղը թշնամու դիրքերից 5 կմ հեռավորության վրա է, բայց սահմանամերձի կարգավիճակ չունի, ասում են՝ պետք է 4 կմ հեռավորության վրա լինի, նոր այդ կարգավիճակը տանք։ Բայց տեսեք, երբ դիրքերում կրակում են, գյուղում լսվում է։ Այս հարցը ուզում եմ բարձրաձայնեք, ինչո՞ւ չունի այդ կարգավիճակը, գյուղից բոլոր պոստերը երևում են»,-շեշտեց Լավրենտ Ղազարյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գիտությամբ ու հրամանով Սյունիքի մարզից հայկական զորքը հետ քաշվեց, փոխարենը՝ այդ բարենպաստ դիրքերում տեղավորվեցին թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները։ Դրա հետևանքով բազմաթիվ գյուղեր դարձան սահմանամերձ ու հայտնվեցին թշնամու թիրախում, այդ ամենի արդյունքում էլ 2021 թվականի մայիսին թշնամու ԶՈւ ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ տարածք՝ Սև լճի և այլ տարածքներում, ու դիրքավորվեցին, նրանք մինչև օրս շարունակում են մնալ այդ դիրքերում։

Այս խորագրի վերջին նյութերը