Քաղաքական

24.08.2023 21:07


Հայաստանը 30-60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանը 30-60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Խաղաղության համաձայնագրի բանակցությունները գործընթաց են, և այն բաղկացած է տարբեր փուլերից։ Այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

«Ընթացքում տեղի են ունենում դեմ առ դեմ հանդիպումներ։ Որոշ դեպքերում այդ հանդիպումները տևում են մի քանի օր, տեղի է ունենում պայմանների փոխանակում։ Ուզում եմ նշել մի հետաքրքիր միտում՝ որպես կանոն, հայկական կողմը 30-60 օրվա ընթացքում անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները։ Հիմա չեմ ասելու՝ դա շատ է, թե քիչ»,-նշել է Բայրամովը։

Ըստ նրա՝ այս ընթացքում ադրբեջանական կողմը դա ընկալում է որպես գործընթացի անբաժանելի մաս․ «Որովհետև արդյունքն ավելի կարևոր է մեզ համար։ Սակայն իրենց մեկնաբանությունն ուղարկելուց մի քանի օր անց հայկական կողմը մամուլում հայտարարում է. «Մենք մեր մեկնաբանությունները ուղարկել ենք Ադրբեջանին»» (չակերտները-Tert.am)։

Բայրամովի կարծիքով՝ «այսօր հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել» (չակերտները-Tert.am)։

«Մեզ իրենց մեկնաբանությունները ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց նրանք մամուլի հայտարարություն են տարածել։ Ըստ իս՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, թե կողմերից որն է շահագրգռված գործընթացի հանգուցալուծմամբ, և որն է բառիս բուն իմաստով հակված քաղաքական հայտարարությունների»,-հավելել է նախարարը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը