Քաղաքական

02.09.2023 21:35


Պրահյան գործընթացը հնարավոր է կասեցնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Պրահյան գործընթացը հնարավոր է կասեցնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ազատության հրապարակում Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքին «Մայր Հայաստան» դաշինքը միացավ բազմամարդ երթով՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ։

Այս նախաձեռնությունը ցույց տալու համար է, որ Արցախը մենակ չէ, ասաց Անդրանիկ Թեւանյանը, Արցախը Հայաստանի ուշադրության կենտրոնում է եւ Արցախի խնդիրը նաեւ մեր՝ բոլորիս, խնդիրն է։

«Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է իշխանափոխություն, որովհետեւ Հայաստանի իշխանությունը չի ներկայացնում Հայաստանը, լեգիտիմ չէ, իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու․ այսօրվա հանրահավաքը նաեւ այդ ուղերձն ունի»,-նշեց դաշինքի առաջնորդը։

Ամբողջական իշխանափոխությունը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա ՀՀ իշխանություններին լեգիտիմ դառնալու եւ հանդես գալու ժողովրդի անունից։

Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ, իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի բանակցությունների հունը փոխել։

«Պրահյան գործընթացը հնարավոր է կասեցնել․ պետք է դուրս գալ այդ գործընթացից, դրա բոլոր լեգիտիմ հիմքերը կան, ինչը հնարավորություն կտա մեզ Արցախի ապաշրջափակմամբ զբաղվել։ Պետք է առաջնորդվել այն տարբերակով, որի շուրջ համաձայնության են եկել նոյեմբերի 9-ին։ Այդ Հայտարարությունից, փաստացի, Հայաստանն էլ է դուրս եկել, ինչը խփել է Արցախի շահերին»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա փաստեց, որ Արցախը ուրացվել եւ դավաճանվել է ՀՀ գործող իշխանությունների կողմից։ Քարոզարշավի այս փուլում «Մայր Հայաստան» դաշինքը արձանագրել է, որ մարդիկ սկսել են ընկալել՝ Երեւանի ընտրությունները կարելի է վերածել համապետական իշխանափոխության օրակարգի։ Իշխանափոխություն, որը մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխիքն է, քանի որ գործող իշխանությունը պատերազմ բերող՝ պատերազմի կուսակցություն է, եւ դա ամեն օր ապացուցվում է։

Այս խորագրի վերջին նյութերը