Քաղաքական

05.09.2023 17:23


Սա է պետական ​​գործչի և երկրի շահի մասին չմտածող մարդու տարբերությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

Սա է պետական ​​գործչի և երկրի շահի մասին չմտածող մարդու տարբերությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ անվտանգության առումով ՀՀ-ի կախվածությունը միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ է։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով։

Նրա խոսքով՝ վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ հայտարարություններ է արել:

«Ամփոփելով այդ հայտարարությունները՝ ցանկանում եմ ասել, որ պետք է պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորների փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով: Պետք է պատասխանատվություն կրել և մեղքը կամ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցել: Հենց սա է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահի մասին չմտածող անցողիկ մարդու տարբերությունը: Պետք է սովորել պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար: Այլապես սա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջերս իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը», ինչպես նաև, որ «Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից՝ դատելով այն քայլերից, որ անում է կամ չի անում»։

Աղբյուրը՝ tert.am

***

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցնում է` հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման մեթոդներն են ՌԴ-ի աջակցությամբ սահմանագծումը և սահմանազատումը, վստահության ամրապնդման միջոցները, ՀԱՊԿ առաքելության տեղակայումը։ Այս մասին նա հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։

Նա անդրադարձավ Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին դեպքերին, երբ ադրբեջանական ԶՈւ գնդակոծության հետևանքով հայկական կողմում զոհեր և վիրավորներ եղան։

«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհված հայ զինվորների ընտանիքներին։ Կողմերին էլ կոչ ենք անոմ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի, մարդկային կորուստների հանգեցնել»,–նշեց Զախարովան։

Նա ընդգծեց` Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում եվրոպացի դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը։

Զախարովան նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում անհրաժեշտ է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել։

***

Այս հրապարակային հռետորաբանությունը, որն արդեն կոպտության նման մի բան է, պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին. այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ասածը:

Հիշեցնենք, որ օրերս Սիմոնյանը «անհեթեթ էր» որակել Զախարովայի հայտարարությունն առ այն, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունք է։

«Եթե ուզում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար բոլոր հնարավորությունները կան. մենք Երևանի հետ կապի հիանալի ուղիներ ունենք բոլոր ոլորտներում՝ պետականից մինչև հանրային: Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը սահմանված են, թե ով ինչ է ասում, ով ինչպես է ասում: Բայց, այնուամենայնիվ, վստահ եմ, որ հայ հասարակությունը ներկայացնող մարդկանց չեն զարդարում նման արտահայտությունները, որոնք մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում ու լսում»,-ընդգծել է Զախարովան:

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիային՝ ընդգծելով ՀՀ տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը:

«Ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ զոհերի»,-ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության ցածր արդյունավետությունը։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրել ՌԴ-ի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքի և միաժամանակ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտության վրա:

«Մենք նաև կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն, և այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երևանի դաշտում է։ Կազմակերպության մյուս բոլոր անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այս քայլին»,-ընդգծել է դիվանագետը։

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ գյուղերի տարածքում գտնվող հայկական դիրքերը՝ ի թիվս այլ միջոցների, կիրառելով հրետանի, ականանետեր և անօդաչու թռչող սարքեր։ Դրա հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, երկուսը վիրավորվել են, մեկի վիճակը ծանր է։

Այս խորագրի վերջին նյութերը