Քաղաքական

06.09.2023 17:03


Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունի պլան «Բ». Բայրամով

Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունի պլան «Բ». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի ժամանակ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ պնդելով, որ դա 2020-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների մաս է:

«2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրի փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի»,-ասել է Բայրամովը:

Նա բողոքել է, թե իբր երբ զգացողություն է ստեղծվում, որ կողմերը մոտ են գործն ավարտին հասցնելուն, վերջին պահին հանկարծ Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։

Բայրամովի խոսքով՝ նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան «Բ»։ Իսկ նրա համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,-ասել է Բայրամովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը