Քաղաքական

06.09.2023 17:32


$ 873 հազար կամ ինչպես վատնել պետբյուջեն՝ հանուն վարչապետի գավաթի

$ 873 հազար կամ ինչպես վատնել պետբյուջեն՝ հանուն վարչապետի գավաթի

Yerkir.am-ը գրում է. 44-օրյա արյունալի պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի վրա ծախսել է 338 մլն 550 հազար դրամ կամ շուրջ 872 հազար 550 ԱՄՆ դոլար: Տեղեկատվությունը գրավոր Yerkir.am-ին է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս, երբ ուսումնասիրում ենք առանձին մրցաշարերի վրա ծախսված միլիոնները: Օրինակ, նշված ժամանակահատվածում երկու անգամ նախաձեռնվել է Փարաքար-Էջմիածին խճուղավազքի, մեկ անգամ՝ կրոսավազքի մրցաշար, կրկին նույն երթուղով: Խճուղավազքերից յուրաքանչյուրի վրա ծախսվել է 41 մլն 690 հազար և 39 մլն 715 հազար դրամ (2-րդը դեռ նոր են ծախսելու՝ տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին), իսկ կրոսավազքի վրա ծախսել են 35 մլն 631 հազ. դրամ:

Փարաքար գյուղից մինչ Էջմիածին հեռավորոթյունն ընդամենը 13 կմ է, հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել այդքան միլիոն դրամը. հագուստի վրա թվերի համարակալմա՞ն, շշերով ջրի գնմա՞ն, պատվոգրերի տպագրմա՞ն, թե՞ գավաթի ձեռքբերման կամ հաղթողին պարգևատրելու համար: Հիշեցնեմ՝ մոտ 108 հազար դոլարի հետ գործ ունենք, օրինակ, 2022 թ. հոկտեմբերի 25-ին նախաձեռնված խճուղավազքի դեպքում, այդ ի՞նչ հրատապ կամ կարևոր միջոցառում է դա, որ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ պատերազմից արյունաքամ եղած, սահմաններում հազար ու մի կարիքներ ունեցող երկրում կարելի էր այդքան ծախսել:

Ընդ որում՝ որոշ տեսակի մրցաշարերի համար ամեն տարի նախատեսվել է նույնչափ գումար: Օրինակ, Շորժա-Սևանի թերակղզի երթուղով սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարերի համար 2021 թ. նախատեսվել է 25,724.236 դրամ (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար), 2022 թ.՝ 25,724.200 (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար), 2023 թ.՝ 25,724.185 դրամ (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար): Նույնը՝ որոշ այլ մրցաշարերի դեպքում: Պարզ է՝ խնդիր են դրել պետբյուջեի փողը ծախսելու, և ամեն տարի նույն տողը պահել են՝ առանց խորանալու տվյալ տարվա պետական եկամուտների, հրատապ կարիքների ու այլնի մեջ:

Փաստենք՝ այս ահռելի գումարները ծախսվել են ԿԳՄՍ նախարարության ընդամենը մի ոլորոտի մի տողով: Միջոցառումներ, որոնք հավանաբար կարելի էր նախաձեռնել սովորական մարզպետարանների կամ գյուղապետարանների միջոցով՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով ոչ թե հարյուր հազարավոր դոլարներ, այլ դրամներ և ստանալ նույն արդյունքը:

Շինարարական կազմակերպությունները թող ասեն, թե, օրինակ, սահմանային Ազատ գյուղում կամ ցանկացած այլ տեղ նշված գումարով քանի՞ քառակուսի մետր մակերեսով զինվորական բարեկարգ կացարան կարելի էր կառուցել:

Դե, այս յուղալի միջավայրում փոխնախարար Կարեն Գիլոյանն ինչո՞ւ պիտի չստանձներ «պալատական սազանդարի» դերն ու կիթառը ձեռքին չնվաղեր ազգակործան պատուհասի առջև:

Այս խորագրի վերջին նյութերը