Քաղաքական

11.09.2023 16:53


Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է AFP–ն։

«Այսօր տեղի ունեցավ «Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունն»,-AFP գործակալությանը հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում կայանալիք զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում ԱՄՆ ուժերի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը:

Իսկ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։

Հրամանատարությունից նշել են, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։

Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։

Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը