Քաղաքական

19.09.2023 20:04


Եղցահողն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Եղցահողն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Շուշիի շրջանի Եղցահող համայնն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով և բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա։ X–ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշում է, որ Եղցահողը ներկայում ունի մոտ 150 բնակիչ, և նրանք ադրբեջանական թիրախում են հայտնվել։

«Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանցիներով»,–գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։

Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը