Մեկնաբանություն

24.10.2011 16:41


Սողացող գործընթաց

Սողացող գործընթաց

Այն, որ Հայաստանում սողացող ձևով սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսվել, տեսանելի է արդեն շատերին։ Կառավարության ներկայացրած 2012թ. բյուջեի նախագիծը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այդ պնդումը։ Այս հարցով լուրջ մարտեր են սպասվում ԱԺ քննարկումներին։ Չի բացառվում, որ իշխող կոալիցիան հերթական ճաքը տա, քանի որ բյուջեի նախագծի դեմ է տրամադրված խորհրդարանի մեծ մասը, այդ թվում՝ ՀՀԿ–ի մի մասը։ Ճիշտ է, իշխող մեծամասնության ներկայացուցիչներն առայժմ շշուկով են հայտնում իրենց դժգոհությունը Տիգրան Սարգսյանի ներկայացրած բյուջեի նախագծից, բայց քննարկումների և քվեարկության ժամանակ իրավիճակն այլ կլինի։

Պատգամավորների մեծ մասն առանձին զրույցներում 101 մլրդ դրամով հարկային եկամուտների ավելացումը գնահատում է որպես սեփականության վերաբաշխման գործողության սկիզբ և պատրաստվում կռիվ տալ։

Նկատենք, որ մինչև ԱԺ թաքնված ընդդիմությունը կսկսի իր կռիվը մասնավոր սեփականության պաշտպանության համար, տնտեսության առանձին հատվածներում իշխանություններն արդեն կոնկրետ գործողությունների են անցել։

Բաղրամյան 26–ի կողմից Երևանի քաղաքապետ նշանակված Կարեն Կարապետյանը կրպակատերերին վնասելուց և կոնկրետ կազմակերպությանը տարածքներ տրամադրելուց հետո անցավ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների շուտափույթ ապամոնտաժմանը։ Մնում է մի քիչ համբերել՝ տեսնելու՝ ում կտրվի նույն տեղում գովազդ տեղադրելու իրավունքը, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Կարելի է չկասկածել, որ Երևանի կենտրոնում գովազդային վահանակներ տեղադրելու «մրցույթ» կհայտարարվի, ու այն կհաղթի նախագահական նստավայրի հետ սերտ կապեր ունեցող կազմակերպությունը։

Սեփականության վերաբաշխման ու «մեծ բյուջեի» քաղաքականության դրսևորում էր նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպության դեմ իրականացրած գործողությունը, ըստ որի ՊԵԿ–ը 1,9 մլրդ դրամի հարկային չվճարում է հայտնաբերել։ Ակնհայտ է, որ այս ամենի հետևում կանգնած է Տիգրան Սարգսյանը, ով խնդիր ունի պետական բյուջեն լցնելու և «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» գաղափարը կյանքի կոչելու։

Կառավարության վերջին նիստերում «տիրացուն» անընդհատ հայտարարում էր, թե բյուջեն լցնելու լրացուցիչ ռեսուրսների տեղեր գիտի։ Եվ ահա պարզվեց, որ Տ. Սարգսյանի իմացած տեղերից առաջինը ՀԷՑ–ն էր։ Իսկ թե ի՞նչ խորքային գործընթացներ կան այս ամենի հետևում՝ պարզ կդառնա վարչապետի հետագա քայլերից։ Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը շատ է սիրում պետական «բուրդը» սեփականի հետ խառնել ու էլեկտրացանցերի դեպքում էլ, երևի, նման մի բան է լինելու. «Նաիրիտի» հետ տեղի ունեցող իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են։

Թե ո՞ւր կտանեն նմանատիպ գործընթացները, դժվար է կանխատեսել։ Մի բան ակնհայտ է՝ սեփականության վերաբաշխումը, բիզնեսի նկատմամբ հարձակումները և ներդրումային միջավայրի խաթարումը կարող են բերել ցնցումների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը