Քաղաքական

21.09.2023 11:33


Մեր դիմացի շենքում ադրբեջանցիներն արդեն տնավորվել են․ արցախցի

Մեր դիմացի շենքում ադրբեջանցիներն արդեն տնավորվել են․ արցախցի

MediaHub-ը կարողացավ կապ հաստատել Ստեփանակերտում ապրող արցախցու հետ, որը պատմեց, թե ինչ վիճակ է հիմա հանձնված Արցախում:

Նա նշեց, որ մինչ արցախցիները փողոցում են գիշերում, առանց հաց ու ջրի, ադրբեջանցիներն արդեն տնավորվել են իրենց տներում։

«Մարդիկ չգիտեն, թե ինչ կլինի, արցախցիները պատրաստ են ամեն ինչի։ Ստեփանակերտում մարդիկ փորձում են իրենց իրերը տանել հետները, ամենակարևոր իրերը, ամենաանհրաժեշտը։ Գիշերը կարողացա մի քանի բան վերցնել, քանի որ հագուստից բացի, որն իմ վրա էր, ոչինչ չունեինք։ Անձնագրեր, թանկարժեք իրեր, ինչ կարողացա հետս վերցրեցի, մնացածը ուզում էի կոտրել, բայց ձեռքս չբարձրացավ… Ես չեմ ուզում իմ տունը թողնել ադրբեջանցիներին, բայց նաև չեմ ուզում քանդել այն, ինչ իմ ձեռքերով եմ կառուցել։ Գիշերը, երբ ես եկա տուն, մեր դիմացի շենքում երևում էին ադրբեջանցիները, նրանք արդեն տնավորվել էին արցախցիների տներում։ Մենք չունենք տուն, դեռ ոչ ոք դուրս չի եկել Ստեփանակերտից, մենք ուղակի սպասում ենք, երբ կթողեն դուրս գանք, բայց մենք արդեն անտուն ենք»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցին։

Նրա խոսքով, Ասկերանից և հարակից շրջաններից ովքեր կարողացել էին հասնել Ստեփանակերտ, նրանք բոլորը գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Ասում է՝ լուրեր էին շրջանառվում, թե ռուս խաղաղապահները նրանց համար գիշերելու մինիմալ պայմաններ կապահովեն, քանի որ ցրտել է: Բայց մարդիկ դրսում են, անջուր, անհաց, մեծ մասն էլ հիվանդ՝ բարձր ջերմում են, բայց ոչ դեղ կա, ոչ էլ ազատ բժիշկ՝ բոլորը հիվանդանոցում են, վիրավորներին փորձում օգնել:

Բայց, հավելեց նա, բոլորը հույսով սպասում են Եվլախում հանդիպման ավարտին, թեև գիտեն, որ լավ բան ակնկալելը միամտություն է այս պայմաններում….

Հիշեցնենք, այս րոպեներին Եվլախում տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը