Մեկնաբանություն

25.10.2011 00:55


Սերժ Սարգսյանը և «Ոսկե ձկնիկը» հեքիաթը

Սերժ Սարգսյանը և «Ոսկե ձկնիկը» հեքիաթը

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը կամաց–կամաց հայտնվում է «Ոսկե ձկնիկը» հեքիաթի ծերուկի դերում։ Հերիք չէ նա հանգամանքների բերումով նախագահ է դարձել, դեռ մի բան էլ ուզում է Քադաֆիի ու Մուբարաքի պես տասնամյակներով իշխել՝ Հայաստանը դարձնելով «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» կարգախոսով կառավարվող երկիր։

Սերժ Սարգսյանն իր վերոնշյալ նպատակին հասնելու համար խնդիր է դրել ոչնչացնել քաղաքական դաշտը և իրեն շրջապատել «ա լյա» Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Վիկտոր Դալլաքյան, Արշակ Սադոյան «քաղաքական» գործիչներով։ Այսինքն՝ Սարգսյանը չի պատկերացնում գործընկերային հարաբերություններ և միայն հաճախորդացման կողմնակից է։ Դա է պատճառը, որ այս տարվա փետրվարին «Բարգավաճ Հայաստանի» դեմ արշավ սկսվեց, քանի որ այն ինքնուրույն սուբյեկտ է, ինչը ոչ մի կերպ չի կարողանում մարսել թուրքմենբաշիզմի ձգտող Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնի է՝  Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի աջակցությամբ ու տարատեսակ լծակների կիրառմամբ այս տարվա սկզբում Գագիկ Ծառուկյանից վերցվեց կոալիցիոն նոր հուշագրին միանալու ստորագրություն։ Ճիշտ է, այն ժամանակ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե հուշագիրը ստորագրում է, որպեսզի նախագահն իրեն վստահ զգա Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ, բայց ակնհայտ էր, որ Ծառուկյանը, հայտնվելով «փողոցային» ընդդիմության ու վարչական ռեսուրսի դեմ միայնակ, այդ փուլում ստիպված ընդառաջ գնաց նախագահական նստավայրի ցանկությանը՝ կորցրածը հետ բերելու և սեփական ինքնուրույնությունը պահելու վճռականությամբ։

Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից անցան ամիսներ։ Այդ ընթացքում ՀԱԿ–ը կատարեց իշխանության կայունության երաշխիքի դերը ու մտածում էր, թե հաջողացնելու է քաղաքական դիվիդենտներ շահել «երկխոսության» միջոցով, սակայն, ինչպես և սպասվում էր, դաժանաբար խաբվեց ու հետագայում հասկացավ, որ «քցվել» է։

Երկրում հեղափոխական ալիքի մարումից հետո կոնգրեսականները Ս. Սարգսյանին, բնականաբար, այլևս պետք չէին։ Դրանով պետք է բացատրել այն, որ  վերջերս տեղի ունեցած ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը Տեր–Պետրոսյանի առաջ անգամ զուգարանները չբացեց, քանի որ նրանից այլևս ակնկալիք չուներ։

Ութնօրյա հանրահավաքների դադարեցումից հետո Բաղրամյան 26–ում, թերևս, հաշվում էին, որ զուգարանները փակելով վերջնականապես շարքից հանել են ՀԱԿ–ին, կոալիցիոն հուշագիր պարտադրելով ոչնչացրել են  «գործընկերոջը»՝ ԲՀԿ–ին ու մնում է միայն ինտենսիվացնել «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցով ՀՀԿ–ի վարկաբեկումը և վերջ՝ քաղաքական դաշտի անապատացումն իրողություն կդառնա և իրենք կոկա–կոլայի պես ընդմիշտ կլինեն, սակայն  խաղաքարտերը խառնեց Ծառուկյանն իր վերջին հարցազրույցով։

ԲՀԿ առաջնորդն ասաց, որ նախագահական ընտրությունների թեմային կանդրադառնա ԱԺ ընտրություններից հետո, իսկ խորհրդարանական ընտրություններին էլ կմասնակցի կոալիցիայից անջատ։ Ըստ այդմ՝ փետրվարի 17–ին ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը կարելի է առ ոչինչ համարել, որովհետև Ծառուկյանն իր ձևակերպումներով այն, փաստացի, պատռեց։

Սարգսյանն ու իր երիտշրջապատը դրանից հետո հունից դուրս եկան և փորձեցին կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել տալ ԲՀԿ–ին, սակայն դա նրանց մոտ չստացվեց։ Չստացվեց, քանզի այժմյան իրավիճակն էականորեն տարբերվում է փետրվարյան շրջանից։ Նախ ԲՀԿ–ն է ավելի ամրացել, իսկ Սարգսյանն իր «տիրացու» վարչապետի հետ միասին է՛լ ավելի է դեվալվացվել հասարակության ու պետական ապարատի մոտ։ Բացի այդ՝ ՀԱԿ–ն այս անգամ չմտավ անպատվաբեր և հաճախորդացման տանող խաղի մեջ ու չցանկացավ Դավիթ Շահնազարյանին ուղարկել սերժանպաստ ասուլիս հրավիրելու։ Ավելին՝ ՀԱԿ–ի ներկայացուցիչները հիմա նշում են, թե որոշակի հանգամանքների առկայության դեպքում չեն բացառում ԲՀԿ–ի հետ համագործակցությունը։ Ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանով ու ԲՀԿ–ով Տեր–Պետրոսյանին վախեցնելու և ՀԱԿ առաջնորդին որպես «էջմիածնական միաբան» օգտագործելու, ինչպես նաև Տեր–Պետրոսյանով «յուրայինների» դեմ դուրս գալու սերժսարգսյանական մեխանիզմը, որը գործում էր 2008ից ի վեր, հիմա խափանվել է և բերել նրան, որ «նախաձեռնողականները» խուճապի են մատնվել ու դեպրեսիայի մեջ ընկել։

Սերժ Սարգսյանին ու նախագահական նստավայրում հայտնված «ինքնաթիռի մսի» սիրահար խունվեյբիններին հիմա ոչինչ չի մնում, քան ջղաձգորեն արձագանքել ՀԱԿ–ի ներկայիս պահվածքին, «պատի հետևում թաքնվելով» էժանագին քարոզարշավ վարել Ծառուկյանի դեմ և համակերպվել կոտրած տաշտակի (կամ եթե կուզեք՝ կոտրած կերակրատաշտակի) առջև հայտնվելու փաստի հետ ճիշտ այնպես, ինչպես «Ոսկե ձկնիկը» հեքիաթի ծերուկը։

Կարեն Հակոբջանյան

թեմայի շուրջ քննարկումներին կարող եք հետևել այստեղ՝ http://blog.7or.am/archives/7540/comment-page-1#comment-8728

Այս խորագրի վերջին նյութերը